Օզբիլիսը լավ ֆուտբոլիստ էր, բայց իր որոշման հետևում ինքը չէ կանգնած. Արմեն Մելիքբեկյան. «Արմենպրես»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

մ

Առաջիկայում ՀՖՖ նախագահի ընտրություններն են, առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և կարիերան ավարտած ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։

ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով ֆեդերացիան ղեկավարում է վերջին 4 տարիներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել է պայմանավորված խաղերի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քայլերի մասին, անդրադարձել հայկական ակումբների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին:

Ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ.

Սկսելով ամենակարևորից` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից. ինչպիսի՞ գնահատական կտաք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին և Ալեքսանդր Պետրակովի կատարած աշխատանքին:

Իհարկե, միշտ էլ ուղեգրի համար պայքարելու խնդիր դնում ենք: Մինչև նախավերջին խաղը մենք շանսեր ունեինք: Եթե հաղթեինք Ուելսին, ապա վերջին խաղը եզրափակիչ կլիներ: Բայց շատ ավելի քիչ միավորներ հավաքեցինք, քան կարող էինք` հաշվի առնելով մեր խաղի մակարդակը: Փաստացի 8 խաղից մենք միայն մեկում ենք խաղային առումով ձախողվել: Դա Լատվիայի հավաքականի հետ խաղն էր: Եվ պարադոքսալ էր, որ, նման խմբում հայտնվելով, երկու գնդակի տարբերությամբ միայն Լատվիային ենք պարտվել: Եղան վերլուծություններ թե՛ մեր կողմից, թե՛ մարզչական շտաբի կողմից, որը դրականորեն ազդեց արդեն վերջին երկու խաղերի վրա, քանի որ խաղի մակարդակն այն էր, ինչ սովորաբար, քիչ թե շատ սպասում ենք: Միավորներ քիչ եղան, մենք չկատարեցինք մեր խնդիրը, բայց հուսադրող էր այն, որ բավականին բարդ խմբում մենք կարողացանք լավ ֆուտբոլ ցուցադրել։ Մեր խմբում երկու թիմ աշխարհի, երեքը Եվրոպայի վերջին առաջնությունների մասնակից էին, այսինքն` բավական բարդ խմբում էինք հայտնվել։ Մենք, 3-րդ զամբյուղում լինելով, ստացել էինք 4-րդ զամբյուղի ամենաուժեղ թիմին` Թուրքիային: Այդ խմբում կարողացանք ցույց տալ բավականին լավ ֆուտբոլ, և հուսադրող էր նաև այն, որ բազմաթիվ երիտասարդներով համալրված թիմն արդեն կայանում է: Մենք կարող ենք դրականորեն նայել ապագային: Այս առումով, ես, իհարկե, գոհ եմ Ալեքսանդր Պետրակովի աշխատանքից: Նրա պայմանագիրը դեռ մեկ տարի ժամկետ ունի, և մենք արդեն իսկ խոսել ենք ապագայի մասին, պայմանավորվում ենք հաջորդ տարվա անելիքների մասին: Եվ, իհարկե, հավաքականի առջև խնդիր է դրված Ազգերի լիգայի C խմբում առաջին տեղը զբաղեցնել: Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանի հավաքականն այն թիմերից է, որը պետք է լինի առնվազն Ազգերի լիգայի B լիգայում:  

-2019 թվականին, երբ ներկայացնում էիք Ձեր ծրագիրը, մեծ տեղ ու դեր էր տրված պրոֆեսիոնալ լիգային: Անցել է 4 տարի, բայց այդ լիգան այդպես էլ չի ստեղծվել: Ինչո՞ւ:

Ես զարմանում եմ, երբ քննադատություն եմ ստանում ակումբներից պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման հարցում, քանի որ գնդակն այժմ ակումբների դաշտում է: ՀՖՖ-ն ստեղծել է տիպային կանոնադրություն, բոլոր անհրաժեշտ պայմանագրերը պատրաստել է և հանդիպել է ակումբների հետ` հանձնելով այն նրանց: Եվ հիմա ակումբներն իրար մեջ պետք է պայմանավորվեն, ստեղծեն այդ հասարակական կազմակերպությունը կամ այլ տիպի կառույց` գալով ֆեդերացիա ու ցանկանալով ստանալ պրոֆեսիոնալ լիգան: ՀՖՖ-ն այս առումով անհրաժեշտ քայլերն արել է: Մենք մեր առաքելությունն այս հարցում արդեն արել ենք: Պաշտոնապես հայտարարում եմ՝ յուրաքանչյուր պահի, երբ ակումբները կգան և կուզեն ստանձնել պրոֆեսիոնալ լիգայի կառավարումը, մենք ոչ միայն նրանց կօգնենք, կաջակցենք, այլ նաև այն հովանավորներին, որոնք հիմա հովանավորում են ID Bank Պրեմիեր լիգան․ կխնդրենք, որ գումարը փոխանցվի պրոֆեսիոնալ լիգային: Այդ հարցում ես ինչ-որ տեղ միտում եմ տեսնում՝ մեդիայում անհարկի քննադատություն ապահովելու տեսանկյունից:

-Պայմանավորված խաղերի խնդիրը շարունակում է մեծ գլխացավանք մնալ, թեպետ այն կար նաև նախկինում: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

Խնդիրը շատ լուրջ էր 2019 թվականին: Եվ մենք դրա դեմն առել ենք` բազմաթիվ որակազրկումներով, այլ քայլեր ձեռնարկելով, անգամ հարուցվել է քրեական գործ, որը, ցավոք սրտի, մինչ օրս ընթացքում է: Համեմատելով նրա հետ, ինչ եղել է նախկինում, ծավալը տասնյակ անգամ կրճատվել է: Բայց մենք չենք կարող խոսել պայմանավորված խաղերից, այլ կարող ենք խոսել մեր կասկածների մասին: ՀՖՖ-ն մշտապես զբաղվում է սրանով: Մենք ունենք աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով վերլուծում է իրավիճակը, իսկ  անհրաժեշտության դեպքում ինֆորմացիան փոխանցում է իրավապահ մարմիններին Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, մենք ունենք քիչ քանակությամբ կասկածելի դեպքեր, որոնք հիմա ուսումնասիրում ենք: Սա շատ բարդ թեմա է նույնիսկ եվրոպական առաջատար երկրներում: 

-Եվ դեկտեմբերի 23-ին կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները: Նախ ինչպիսի՞ մրցակից է ձեզ համար Արաս Օզբիլիզը և ինչո՞ւ եք ցանկանում վերընտրվել այդ պաշտոնում:  

Չեմ կարող ասել,  որ ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու որոշումը հեշտ է եղել: Շատերը դրան, իհարկե, չեն հավատա: Ամեն օր աշխատելով ՀՖՖ-ում՝ տեսնում եմ, որ դեռ անելիքներ ունենք, որոնք պետք է ավարտենք: Ինչ վերաբերվում է Արաս Օզբիլիզին, ապա ես իրեն շատ հարգում եմ, շատ լավ ֆուտբոլիստ էր, բայց ես կարծում եմ, որ իր որոշման հետևում ինքը չէ կանգնած: Կանգնած են իր ակումբի այլ մարդիկ: Ես Արասի նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ որպես ֆուտբոլիստի, որպես հայկական ֆուտբոլին շատ բան տված խաղացողի, բայց քանի որ Արասը մինչև վերջերս գործող ֆուտբոլիստ էր, նա չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի այն որակները, որոնք նրան թույլ կտային հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 

--00—ԱՊ