ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Կարմիր ծովում Հոնկոնգի դրոշով ընթացող նավի վրա հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

կկ.

Հոնկոնգի դրոշով նավարկող բեռնատար նավը Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել Եմենի այն տարածքից, որը վերահսկում են հութի խռովարարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Եմենի շրջանից, որը վերահսկվում է հութիների կողմից, բալիստիկ հրթիռ է արձակվել դեպի Բաբ ալ Մանդեբի նեղուցից հյուսիս ձգվող միջազգային նավագնացության ուղին... Հութիներն սպառնացել են հետագա հրթիռային հարձակումներով: Maersk Gibraltar-ը Հոնկոնգի դրոշով նավարկող բեռնատար նավ է: Թեև ԱՄՆ-ի զինված ուժերը մասնակից չեն եղել այդ միջադեպին, մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել իրավիճակին: Այդ հարձակումները շարունակում են սպառնալ  միջազգային ծովային անվտանգությանը», - նշված է X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, վնասներ չեն պատճառվել։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը դեկտեմբերի 3-ին հայտնել էր, որ Կարմիր ծովի հարավի միջազգային ջրերում երեք առևտրային նավեր ենթարկվել են հարձակման հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Քարնի» ականակիրը միջամտել էր՝ խոցելով մի շարք ԱԹՍ-ներ և հրթիռներ։

--00--ԼՀ