ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան հատվածի մասը կառուցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Screenshot_1

ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝

1. 27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված,

2. 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված,

3. 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված:

Հարավային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ համաֆինանսավորմամբ: Համաձայն ՎԶԵԲ-ի կողմից ներկայացված նախնական գնումների պլանի՝ հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373,0 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից:

Այսպիսով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով ՀՀ-ի ու ՎԶԵԲ-ի միջև նախատեսվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի կնքում՝ 236 մլն եվրո արժողությամբ:

Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ-ի, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը:

Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են.

• ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում՝ նաև ամրացված կողնակներ), 3 երթևեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհի կառուցում,

• 5 թունելների, 11 կամուրջների, 68 հեղեղատների, 43 հենապատերի կառուցում,

• անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում:

Համաձայնագրով ֆինանսավորվող Հարավային ենթահատվածի ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից․

• Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցում (Նախագծման փուլ),

• Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցում (Շինարարության փուլ),

• Ինժեներական վերահսկողություն,

• Ծրագրի կառավարման խորհրդատու։

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ․ նոյեմբերը (շինարարության կանխատեսվող ավարտ՝ 2030թ․ նոյեմբեր, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտ՝ 2032թ․ նոյեմբեր)։

--00—ՅՄ