Ղարաբաղից հետո Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել, խնդիր չեմ տեսնում. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հիմա կնքելու հարցում ոչ մի խնդիր չեմ տեսնում Ղարաբաղյան իրադարձություններից հետո։ Այս մասին Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդաժողովի ժամանակ լրատվամիջոցների հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Չեմ տեսնում ոչ մի խնդիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հիմա կնքելու հարցում Ղարաբաղյան իրադարձություններից հետո։ Այսօր արդեն ասեցի՝ Ռուսաստանը պատրաստ է գործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի հարցում։ Կոլեգաներին առաջարկել ենք հանդիպել Մոսկվայում։ Վարչապետ Փաշինյանն այս մասին գիտի, ես եմ նրան ասել, տեղյակ է նաև Ալիևը», - նշել է ՌԴ նախագահը։

«Կան տեխնիկական բնույթի հարցեր սահմանազատման և սահմանագծման հետ կապված․ հարյուր մետր այս կողմ, 1 կիլոմետր այն կողմ, դա էական չէ, բարի կամքի դրսևորման դեպքում հնարավոր է պայմանագիր կնքել և անցնել արդեն տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերին։», - հավելել է Պուտինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ