Ալիևը գնահատել է Պուտինի դերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Քաղաքական

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվ դեր է խաղացել 2020 թվականի աշնանը Ղարաբաղում զինված հակամարտության կարգավորման գործում։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը National Defense ամսագրին տված հարցազրույցում:

«Վլադիմիր Վլադիմիրովիչը ակտիվ դեր էր խաղում ընթացող իրադարձությունների մեջ․ նա իմ ուղերձները փոխանցում էր Փաշինյանին, իսկ նրա ուղերձները՝ ինձ։ Համաձայնագրի քննարկումն ընթանում էր մինչև ուշ գիշեր, ու կեսգիշերն անցավ։ Բաքվի ժամանակով արդեն նոյեմբերի 10-ն էր, դրա համար էլ մենք այն անվանում ենք նոյեմբերի 10-ի հայտարարությունը, իսկ Մոսկվայում նոյեմբերի 9-ն էր»,- ասել է Ալիևը։

«Մենք կանոնավոր կապ էինք պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ ռազմական գործողությունների տարբեր փուլերում: Պատերազմի սկսվելուց հետո մեր առաջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ հոկտեմբերի 7 -ին ՝ նրա ծննդյան օրը: Ես միշտ շնորհավորում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին ծննդյան օրվա առթիվ: Դա մեր առաջին հեռախոսային շփումն էր ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Մենք քննարկեցինք, թե ինչպես և ինչ անել պատերազմը դադարեցնելու համար », – պատմել է Ալիևը։