ՌԴ-ում հայտնել են Մոսկվայի ուղղությամբ թռչող ԱԹՍ-ներ խոցելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

աթ

Ռուսաստանում հակաօդային պաշտպանության համակարգերը սեպտեմբերի լույս 5-ի գիշերը ոչնչացրել են անօդաչու թռչող սարքեր Կալուգայի մարզում, Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում, ինչպես նաև Տվերի մարզում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր Telegram ալիքում։

Սոբյանինը նշել է, որ ԱԹՍ-ները փորձում էին հարձակում իրականացնել Մոսկվայի վրա։

«Նախնական տվյալներով՝ Իստրայի շրջանում բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է կենցաղային օբյեկտ։ Օպերատիվ ծառայություններն աշխատում են հետևանքների վերացման ուղղությամբ», - գրել է նա։

Իր հերթին ТАСС-ը, վկայակոչելով Իստրայի շրջանի մունիցիպալիտետի ղեկավարին, նշում է, որ ԱԹՍ-ի բեկորների ընկնելուց հետո կենցաղային շինությունում առաջացած հրդեհը մեկուսացվել է։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Վաղ առավոտյան Սերգեյ Սոբյանինը ևս մեկ գրառում է արել՝ նշելով, որ մեկ այլ ԱԹՍ էլ խոցվել է Տվերի մարզում՝ Զավիդովոյի շրջանում։ Պաշտոնյայի խոսքով՝ այն թռչում էր Մոսկվայի ուղղությամբ։ Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։

Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակման վերաբերյալ հաղորդումների ֆոնին «Ռոսավիացիան» հայտարարել է, որ Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են եղել, շուրջ 50 չվերթ հետաձգվել է։ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 7։30-ից օդանավակայանները վերադարձել են բնականոն աշխատանքի։

Օգոստոսից սկսած՝ հաճախացել են ԱԹՍ-ների հարձակումները Մոսկվայի ուղղությամբ։ Ուկրաինան պաշտոնապես չի մեկնաբանում դրանք։

--00—ԼՀ