Քննարկվել է գիտական կադրերի ատեստավորման կարգը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

qnn

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեում տեղի է ունեցել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսում:

Քննարկման մասնակիցներին ներկայացնելով նախագիծը՝ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշել է, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել երկրորդ անգամ։ Հաշվի առնելով առաջին քննարկման ժամանակ ստացված առաջարկություններն ու «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում այս տարվա մայիսին կատարված լրացումներն ու փոփոխությունները՝ կատարվել են լրամշակումներ:

Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը նշել է, որ նախագծով սահմանվում են ատեստավորման արդյունքում տվյալ տարակարգը հայցող գիտական աշխատողներին ներկայացվող քանակական և որակական նվազագույն պահանջները: Ներդրված նոր մոտեցման համաձայն՝ յուրաքանչյուր կազմակերպություն կարող է սահմանել նաև լրացուցիչ չափանիշներ: Հավելյալ չափանիշները հաստատվում են կազմակեպության ղեկավարի կողմից՝ գիտական խորհրդի առաջարկությամբ:

Նոր նախագծի համաձայն՝ ատեստավորումն իրականացնող հանձնաժողովն ատեստավորվողին տալիս է «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին», «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», «Համապատասխանում է իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնին» գնահատականներից մեկը:

Հանրային լսման ժամանակ ծավալվել է քննարկում գիտական աշխատողի տարակարգերի համար պահանջվող՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրատարակված գիտական աշխատություններ ունենալու պահանջի վերաբերյալ :

Կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ քանակական ու որակական չափանիշները սահմանվել են՝ հաշվի առնելով վերջին տարիներին հայ գիտնականների հրապարակումները, ոլորտում կատարված փոփոխություններն ու այլ երկրների փորձը, և որ դրույթը պարտադիր է միջազգային գիտական համագործակցության խթանման և աշխարհի մակարդակով մրցունակ գիտական արտադրանք տալու համար: Նշվել է, որ նոր կարգով առաջին անգամ համապետական ատեստավորում կանցկացվի 2026 թվականին, և գիտաշխատողները ժամանակ ունեն՝ պահանջվող հրապարակումների ուղղությամբ աշխատելու համար:

--00—ԼՀ