Հաստատվել է ուսուցչի կամավոր ատեստավորման ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

ուսուցիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական դպրոցի ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի աշխատակարգը:

Սահմանվել է, որ կամավոր ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումներն ընդունվում են մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը։ Ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգման ժամանակացույցը հաստատվում է նախարարի հրամանով և հրապարակվում Գնահատման, թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կայքերում՝ ոչ ուշ, քան մինչև օգոստոսի 20-ը:

Համաձայն 2021 թվականի հունվարի 26-ին հաստատված սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի` պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչները կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար կստանան: Կամավոր ատեստավորման ժամանակ ստուգվում են ուսուցիչների առարկայական գիտելիքները, և 60 միավորից բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը կստանա հավելավճար: Կամավոր ատեստավորումը և ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգումը կատարվում են բացառապես ուսուցչի ցանկությամբ` նրա կողմից հայտ ներկայացնելու պարագայում:
Կամավոր ատեստավորման աշխատակարգով սահմանվել են ատեստավորվող ուսուցչի հայտի ընդունումը, առարկայական գիտելիքի ստուգման կազմակերպումը, անցկացումը, արդյունքների տրամադրումը, բողոքարկումը և հրապարակումը։

Հայտերի ներկայացում

Կամավոր ատեստավորմանը մասնակցելու ցանկություն ունեցող ուսուցիչը պահանջվող փաստաթղթերը 2021 թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ պետք է առցանց ուղարկի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էլեկտրոնային հասցեին ([email protected]) կամ ներկայացնի ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչություն` ամեն օր՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 9։30-ից մինչև 12։30-ը (հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 3)։

Պահանջվող փաստաթղթերն են՝

  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով դիմում` առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության մասին,
  • տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան),
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը:

Գիտելիքի ստուգում

Սահմանվել է, որ «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները թեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում։
ԿԳՄՍ նախարարությունը կազմում է ուսուցիչների ցուցակները՝ ըստ դասավանդած առարկաների ու մարզերի, և մինչև օգոստոսի 1-ը փոխանցում ԳԹԿ, որտեղ կազմվում են առարկայական թեստերը:
Ստուգումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից: Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորվել միայն մեկ առարկայից:
ԳԹԿ-ն Երևան քաղաքում և մարզկենտրոններում ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքը ստուգելու նպատակով, ըստ անհրաժեշտության, ընտրում է գիտելիքի ստուգման կենտրոններ, ուսուցիչներին բաժանում խմբերի (քսան հոգուց ոչ ավելի) և յուրաքանչյուր ուսուցչի համար մինչև օգոստոսի 15-ը պատրաստում անցաթուղթ:

Ստուգման ընթացակարգ

Գիտելիքի ստուգման ժամանակ՝ գրավոր աշխատանքի սկիզբը հայտարարելուց հետո, արգելվում է ուշացած ուսուցչի մուտքը քննասենյակ: Առաջադրանքներին պատասխանելու և պատասխանների ձևաթուղթը լրացնելու համար ուսուցչին տրվում է 180 րոպե: Գրավոր աշխատանքի ընթացքում արգելվում է այլ ուսուցիչների հետ խոսելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, միմյանցից արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը:
Գրավոր աշխատանքի ընթացքում քննասենյակից ուսուցիչը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` ԳԹԿ-ի ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ:
Թեստերը չեն ստուգվում. դրանք ԳԹԿ-ում սկանավորվում, ճանաչվում, և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը՝ համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով: Արդյունքները ԳԹԿ-ի կայքէջում հրապարակվում են գիտելիքի ստուգման օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։

Բողոքարկում

Անհամաձայնության դեպքում ուսուցիչն արդյունքների հրապարակմանը հաջորդող օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է բողոքարկման դիմումն առցանց եղանակով ուղարկել ԿԳՄՍՆ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] :
Բողոքարկումը քննելու նպատակով լիազոր մարմնի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են առարկայական մասնագետներ, նախարարության և ԳԹԿ-ի աշխատակազմի աշխատակիցներ:
Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում` գրավոր աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Արդյունքները հրապարակվում են բողոքարկման ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում:
Բողոքարկման գործընթացի ավարտից հետո՝ հնգօրյա ժամկետում, ԳԹԿ-ն նախարարություն է ներկայացնում ուսուցիչների գիտելիքի ստուգման անհատական արդյունքները՝ ըստ առարկաների, մարզերի, ուսումնական հաստատությունների, թեստում նշված առաջադրանքների և ճիշտ կատարած առաջադրանքների թվի։ Հաջորդաբար լիազոր մարմինը (նախարարություն, քաղաքապետարան, մարզպետարան) ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչներին տեղեկացնում է համապատասխան հավելավճարի տրամադրման չափի մասին:
Նշենք, որ կամավոր ատեստավորման արդյունքում 90 տոկոս և ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան 50 տոկոս, 80-89 միավոր հավաքելու դեպքում` 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն` նրանք հավելավճար չեն ստանա: Մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի․ նրան կառաջարկվի պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց:

 --00—ՄՀ