Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի հատվածը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

ճան

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ113+200-կմ 118+900 հատվածում (Ազատանի մոտ) հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։ Շիրակի մարզով անցնող մոտ 5 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։

Աշխղեկ Արթուր Մարդոյանը տեղեկացնում է, որ ճանապարհի մի հատվածում արդեն տեղադրել են ավազակոպճային շերտ, խճային հիմք, այնուհետև տեղադրվել է մեկ շերտ ասֆալտբետոնե ծածկ։ Այլ հատվածներում նույնպես կատարվում է ասֆալտապատում։ Երկրորդ հատվածում հողային աշխատանքների նախապատրաստական գործընթացն է իրականացվում։ Կատարվում են նաև կողնակների հարդարում և այլ աշխատանքներ։ Աշխղեկը նշում է, որ ինտենսիվ երթևեկը Մ-1 միջպետական ճանապարհին մեծապես խոչընդոտում է իրենց աշխատանքներին, մանավանդ որ վարորդները շատ դեպքերում չեն հետևում ճանապարհային նշաններին։ Շինաշխատանքների ընթացքում ջրցան մեքենաները շինհրապարակը ցողում են ջրով՝ փոշու պարունակությունը հնարավորինս նվազեցնելու համար։

Վերանորոգվում են նաև ճանապարհին առկա արհեստական կառույցները, ուղեանցը։ Ուղեանցի վրա կատարվել են բետոնացման աշխատանքներ, արվում է հիդրոմեկուսացում, այնուհետև կտեղադրվի ամրանավորված ցանց, որից հետո՝ պաշտպանիչ և ասֆալտբետոնե շերտեր։

Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

--00—ԼՀ