Թովմասյանը Բունդեսթագի պատգամավորին ներկայացրել է հայկական 2 պետություններում առկա ծանր իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

74b78df1-4ca6-4f38-80c2-fe8cc5c53472.jpg

Խորհրդարանում հյուրընակալեցի Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«Գործընկերներիս ներկայացրի հայկական 2 հանրապետություններում առկա ծանր իրավիճակը, մասնավորապես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սպառնալիքները, Արցախում հումանիտար ճգնաժամը, արցախահայության անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը։

Քննարկեցինք մարդու իրավունքների վիճակը Հայաստանում։ Բունդեսթագի պատգամավորին հայտնեցի, որ քաղաքական գործընթացներում ներգրավվող կանայք թիրախավորվում են, կին քաղաքական գործիչների նկատմամբ նույնիսկ օրենսդիր մարմնում ակնհայտորեն ուժ է գործադրվում, երբ նրանք պատգամավորական գործունեություն են իրականացնում՝ համաձայն իրենց խղճի և համոզմունքների։ Այս համատեքստում անդրադարձա իմ և պատգամավոր Աննա Մկրտչյանի/Anna Mkrtchyan/ շուրջ տեղի ունեցած միջադեպերին՝ ներկայացնելով անվտանգության աշխատակիցների կողմից անթույլատրելի և դատապարտելի վարքագծի մանրամասները։ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ Մերլե Շպելերբերգի հարցին ի պատասխան ընդգծեցի, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին սկզբունքային անհամաձայնություններ ունի կոնվենցիայի դրույթների վերաբերյալ և հորդորել է զերծ մնալ փաստաթղթի վավերացումից: Գործընկերոջս ներկայացրի նաև փաստաբանների, անչափահասների նկատմամբ ուժի գործադրման ահազանգերին՝ տեղեկացնելով, որ մեր փաստաբանները գործադուլ են իրականացրել՝ հիշեցնելով մեր հասարակության կարևորագույն ինստիտուտի՝ Փաստաբանության դերի ու նշանակության մասին: Խոսեցի անկախ դատական համակարգի խնդիրների, քաղաքական իշխանության պատվերները չկատարող դատավորներին աշխատանքից ազատելու ահազանգերի մասին, որոնց կապակցությամբ Մերլե Շպելերբերգը հույս հայտնեց, որ Հայաստանում անկախ դատական համակարգը կզարգանա, իսկ խնդիրները լուծում կստանան։Բնապահպանության ոլորտին անդրադառնալիս ահազանգեցի դեպի բնակավայրեր թունավոր արտանետումների մասին և նշեցի, որ չնայած Հայաստանի գործող կառավարությունը նախկինում քննադատում էր հանքերի շահագործումը բնապահպանության առումով, այժմ նրա անդամները ամենախոշոր հանքի փայատեր են դարձել։ Հանդիպմանը ընդգծեցինք մեր պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության»,-գրել է նա։
--00—ԶՀ