Թագուհի Թովմասյանն ու Բունդեսթագի պատգամավորը անդրադարձել են բաց հանքերի շահագործման խնդրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24news

photo

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 27-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը, կարեւորել արցախահայերի անվտանգության ապահովման ու ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը, հայտնել, որ Հայաստանը եւս ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման խնդիր ունի:

Մերլե Շպելերբերգը հատկապես հետաքրքրվել է, թե որքանո՞վ են մեր երկրում պաշտպանված կանանց, մարգինալ խմբերի, փոքրամասնությունների, բնապահպանության ոլորտում` մարդու իրավունքները:

Թագուհի Թովմասյանը պատասխանել է, որ կանայք թիրախավորված են Հայաստանում: Թեեւ օրենսդրությունը նախատեսում է պաշտպանել բոլորի իրավունքները, բայց ոչ միշտ են մարգինալ խմբերն իրենց իրավունքների խախտումների մասին հայտնում իրավապահներին:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ բաց հանքերի շահագործման խնդրին` նշելով, որ արտանետումները վնասակար ազդեցություն են ունենում քաղաքացիների առողջության վրա:

Մերլե Շպելերբերգն անդրադարձել է նաեւ Ստամբուլյան կոնվենցիային ու հետաքրքրվել, թե ինչո՞ւ ՀՀ ԱԺ-ն մինչ օրս այն չի վավերացրել:

Այս կապակցությամբ հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դեմ է արտահայտվել կոնվենցիայի ներածական մասին` անհնար դարձնելով դրա վավերացումը, քանի որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, եւ եկեղեցու հետ հակադրվելը հանրության կողմից չի կարող ընկալվել:

Հանդիպմանը բարձր է գնահատել  Ազգային ժողովի համագործակցությունը Գերմանիայի Բունդեսթագի հետ:

--00—ՅՄ