Բունդեսթագի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1092690.jpg

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միխայել Ռոթը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Լավ է, որ ԱՄՆ և ԵՄ բանակցային ջանքերի շնորհիվ հաստատվեց հրադադար: Դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի պետական տարածքների վրա: Տասնամյակներ տևող այս հակամարտությունը ոչ թե զենքի ուժով, այլ խաղաղարար բանակցությունների միջոցով պետք է լուծվի: Ակնհայտորեն Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի թուլությունից, փորձում է իր տարածքային հետաքրքրությունները առաջ մղել: Մենք չպետք է Հայաստանը թողնենք Ռուսաստանի հույսին: ԵՄ-ն պետք է ստանձնի առաջնորդի դերակատարություն խաղաղության հաստատման գործում և աջակցի Հայաստանի ժողովրդավարությունը»:

ՄԱԿ ԱԽ հրատապ նիստն անցկացվում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ ՀՀ դիմումի հիման վրա: Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

--00—ԶՀ