Արցախի խանութներում լրիվ դատարկություն է, անգամ կտրոններով տրվող ապրանքները չկան. Մետաքսե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

074738b4ea4e57b1c681f0cb9bc0632d_1682692772

Չգիտեմ` Արցախում տիրող իրավիճակը հնարավո՞ր է բառերով նկարագրել, թե ոչ։ Վերջին կես տարում սովորել ենք նման իրավիճակին, հարցն այն է, թե իշխանությունները որքանով էին պատրաստ նման քայլի և ինչպես են նախապատրաստվել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը:

«Ժողովրդի մոտ անհանգստությունը մեծացել է, Կարմիր խաչը երկու օր է՝ իր առաքելությունը չի կարողանում կատարել, հումանիտար բեռներ չեն տեղափոխվում Արցախ և ավելի վատի հանդեպ սպասում կա:

Վերջին երկու օրվա ընթացքում խանութներում լրիվ դատարկություն է, մարդիկ խառնված են,  իրենց պաշարներն են ավելացնում, և խանութներում առաջին անհրաժեշտության իրերի խնդիր է առաջացել: Նույնիսկ կտրոններով տրվող ապրանքը չկա, չնայած որ կտրոնները բաժանված են ժողովրդին:

Հասկանալի չէ, այդ ապրանքները կա՞ն, թե ուղղակի կտրոնները բաժանել են»,-մանրամասնեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է հիվանդներին, ապա Հակոբյանը նշեց, որ այսօր ևս ադրբեջանական կողմը Կարմիր խաչին թույլ չի տվել իր առաքելությունը կատարել և ոչ միայն հիվանդների տեղափոխման, այլ նաև դեղերի խնդիր է առաջացել և եղած պաշարը սպառվել է։

Հակոբյանի խոսքով, Ադրբեջանի այս գործողությունները մի քանի նպատակ ունեն, թշնամուն վաղուց ճանաչելով հասկանալի է ինչ-որ բան են նախապատրաստում:

«Կարծես թե ադրբեջանցիները պատրաստ են բռնի ուժով հասնել նրան ինչի մասին, որ խոսում են վերջին ամիսներին»:

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ