Թշնամին առաջ է բերում իր դիրքերը տարբեր, նաև Շահումյանի, Մարտակերտի ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Մետաքսե

Թշնամին առաջ է բերում իր դիրքերը տարբեր ուղղություններով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նշելով որ պաշտոնական տեղեկատվությունը այդ հարցի շուրջ չկա:

Ըստ նրա՝ առաջխաղացումը եղել է ոչ թե մի ուղղությամբ, այլ տարբեր ուղղություններով, և ոչ միայն երեկ, արդեն բավականին երկար ժամանակ է։ Նրա փոխանցմամբ՝ ինչ Սյունիքում սկսվել են այդ ոտնձգությունները՝ նույնը տեղի է ունենում նաև Արցախում:

«Ըստ իմ տեղեկությունների՝ ռուս խաղաղապահները կարողանում են ադրբեջանցիներին ուղարկել ելման դիրքեր: Նրանք մի քանի հարյուր մետր առաջ են գալիս, իսկ եթե մի քանի կմ առաջանան, ապա հասնելու են Ստեփանակերտ: Նրանք առաջանում են Շահումյանի կողմից, Մարտակերտի կողմից, կոնկրետ ուղղություն չկա, որտեղից ստացվում է, այնտեղից էլ առաջանում են:

Ասեմ ավելին, իրենց շարասյուների գնալ-գալն է շատացել, օրական մի քանի անգամ գնում-գալիս են: Արդեն Ստեփանակերտից նրանց շարժը կարելի է տեսնել: Այսինքն՝ այն նպատակը, որն իր առջև դրել էր Հայաստանի վարչապետը, որ պետք է համակերպվել և ապրել թշնամու հետ, իրականացրեց»,- ասել է Հակոբյանը:

Պատգամավորը նկատեց, որ թշնամու այս առաջխաղացումը խուճապ է առաջացնում մարդկանց մոտ: «Եթե այսպիսի լուր է տարածվում, անգամ կեղծ, խառնաշփոթ է առաջանում Արցախում: Եվ երբ այս պարագայում լռում են իշխանությունները, դա անթույլատրելի է, քանի որ պետք է որևէ տեղեկություն տրվի ժողովրդին»,- շեշտել է նա՝ ավելացնելով, որ թշնամու առաջխաղացումը՝ Հայաստանում և Արցախում, փոխկապակցված է:

«Առաջ ասվում էր, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, այսօր դա ապացուցվեց: Եթե ադրբեջանցիների վերահսկողության տակ է Քարվաճառը՝ վտանգված է Գեղարքունիքը, եթե Քաշաթաղը ` վտանգված է Սյունիքը: Արցախը Հայաստանի մեջքն էր, և այսօր, հաշվի առնելով, որ Արցախի զգալի մասը թշնամու վերահսկողության տակ է, վտանգված է Հայաստանի անվտանգությունը»,- արձանագրել է Մետաքսյա Հակոբյանը եւ ավելացրել. «Հիմա Հայաստանի իշխանությունները բանակցում են ադրբեջանցիների հետ: Ես չեմ հասկանում, թե ինչի շուրջ կարող են լինել բանակցություններն այս վիճակում: Եթե բանակցել, ապա միայն այն բանի շուրջ, որ մեզ վերադարձնեն մեր ռազմագերիներին և մեր վերահսկողության տակ անցնի Քարվաճառը, Շահումյանը և Քաշաթաղի շրջանը: Այսինքն՝ թշնամին մտել է սուվերեն պետության տարածք և իշխանությունները բանակցություններ են վարում: Ես վստահ եմ, որ այդ բանակցությունների արդյունքում նրանք կարող են պայմանավորվել թշնամում հանձնել Կարմիր շուկայի ճանապարհը»:

--00--ԱԹ