Ալեն Սիմոնյանը լրագրողից որևէ գումար չի վերցնելու. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

1

«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրող Անի Գևորգյանին տեղեկացրել է, որ իրենից գումար չի վերցնելու»։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Պարոն Սիմոնյանի համար բոլոր դատական հայցերում կարևորն իր արժանապատվության ու պատվի հարցն է։ Զրպարտությունն իր անձի նկատմամբ անընդունելի է»,- շեշտեց Խաչատրյանը։ Ըստ խոսնակի՝ Սիմոնյանի համար այստեղ ամենից կարևորը նաև երեխայի լավագույն շահն է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սիմոնյանը տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դատական 3 ատյանով անցած պատվին և արժանապատվությանը վերաբերող իր հայցy` ընդդեմ լրագրող Անի Գևորգյանի, երրորդ անձ՝ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության։

Դատարանը պարտավորեցրել էր լրագրողին հրապարակային հերքել Սիմոնյանի հասցեին հնչեցրած զրպարտանքները և հօգուտ Սիմոնյանի բռնագանձել 150 հազար ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար վնասի հատուցում, 100 հազար ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 7000 ՀՀ դրամ՝ որպես հայցի բավարարված մասով նախապես վճարված պետական տուրքի գումար։

Հիշեցնենք նաև, որ երեկ լրագրող Անի Գևորգյանը ԱԺ-ի դիմաց դրամահավաք էր կազմակերպել․ «Քանի որ ինձ բազմաթիվ նամակներ եք գրում Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան պատին տեսած լուրից հետո, տեղեկացնեմ, որ Վճռաբեկ դատարանը մեր բողոքը վարույթ չի ընդունել, տեղեկացնեմ նաև որ դրամահավաք եմ իրականացնելու, որ Ալեն Սիմոնյանը կարողանա փաստաբանի փողը տալ»,- գրել էր լրագրողը։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ