Ավտոմեքենայի համարանիշի թվերի փոխարեն կարող է գրվել նաև անուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News 

հասարակական

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին օրենքում եւ ավտոմեքենաների պետհամարանիշի թվերի փոխարեն անուն գրելու հնարավորություն տալ։

Առաջարկվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» կետը լրացնել հետեւյալ խմբագրությամբ`

«Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընտրության հարցում տրանսպորտային միջոցի սեփականատերը հնարավորություն ունի հաշվառման համարանիշներում թույլատրված տառերի կամ թույլատրված թվանշանների կամայական հաջորդականությամբ  առաջարկել նախընտելի տառի, կամ թվանշանի, կամ տառերի եւ թվանշանների թույլատրված համակցություն»:

Ըստ նախագծի հիմնավորման՝ շատ երկրներում ընդունված փորձառություն է, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է ինքն ընտրել իր մեքենայի համարանիշը` կազմված որոշակի նիշերից: Հաշվի առնելով այն, որ ներկայումս առկա է որոշակի կարգ մեծ պահանջարկ վայելող համարանիշների ընտրության հարցում, սակայն չկա օրենսդրական այնպիսի կարգավորում, որը թույլ կտա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներում թույլատրված նախընտրելի տառերի և/կամ թվանշանների համակցությամբ և հերթականությամբ ձևավորել հաշվառման համարանիշը, անհրաժեշտ են համարում այնպիսի օրենսդրական փոփոխության կատարումը, որը կտրամադրի նմանատիպ հնարավորություն: 

Ենթադրվում է, որ կամայական նիշների համակցությամբ համարանիշներն իրենց գնային մակարդակում կլինեն առավելագույն շեմի վրա, հետևաբար նման հնարավորության ընձեռումը կմեծացնի արտաբյուջետային միջոցների ներհոսքը և հնարավորություն կընձեռի տրանսպորտային միջոցների սեփականատերերին տրանսպորտային միջոցը շահագործելու իրենց համար նախընտելի նիշներից կազմված համարանիշներով: