Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց մարզիկներին ՀՀ-ի անունը բարձր պահելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

333030475_6833004833381412_2902734191715800170_n

Փետրվարի 28-ին տեղի ունեցավ  ՆԳՆ ոստիկանության «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողովը։

Ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամներ,  «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության ղեկավարությունը, դինամոյական անվանի մարզիկներ։

Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ զեկույցից և քննարկումից հետո «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության խորհրդի անդամները կազմակերպության ղեկավար ընտրեցին ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին։

Այնուհետև կազմակերպության ղեկավարի առաջին տեղակալ ընտրվեց ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապես Արմեն Մկրտչյանը։ Արտահերթ ընդհանուր ժողովի ընթացքում ընտրվեցին նաև կազմակերպության խորհրդի 22 անդամները։

Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ հայտնելով համատեղ աշխատելու պատրաստակամություն։ Ոստիկանության պետը անվանի մարզիկներին ու վաստակաշատ մարզիչներին շնորհակալություն հայտնեց ոչ միայն «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության, այլև Հայաստանի անունը միջազգային հարթակներում բարձր պահելու համար։

Ելույթ ունեցավ նաև ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։ Նա նախ շնորհավորեց Արամ Հովհաննիսյանին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։ Այնուհետև անդրադարձավ մարզական բնագավառում կազմակերպության դերի կարևորությանը՝ ընդգծելով մի շարք ուղղություններ։

Ժողովի ավարտին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը Արամ Հովհաննիսյանին և Արմեն Մկրտչյանին պարգևատրեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադիր-ռեկտոր Հայկ Փարսադանյանի անվան ոսկե մեդալով։

Այնուհետև «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության ու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին Արամ Հովհաննիսյանն ու Դավիթ Խիթարյանը։

--00—ՅՄ