Եղվարդի առանձնատներից մեկում ապօրինի հրազեն է հայտնաբերվել․ 3 անձ կալանավորվել է, մեկը՝ օտարերկրացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Տևական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում հավաստի տվյալներ ստացվեցին, որ Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդ Եղվարդ քաղաքի Պարույր Սևակի փողոցի առանաձնատներից մեկում ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Հոկտեմբերի 18-ին իրավապահ մի շարք կառույցների ծառայողներ, դատարանի որոշմամբ, խուզարկեցին Եղվարդի Պարույր Սևակի փողոցի առանձնատներից մեկը։

Հայտնաբերվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, մարտական վիճակի բերված «Pietro Beretta» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, «Սայգա» տեսակի հրազեն՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով, զրահաբաճկոններ, մարիխուանայի նմանվող զանգված և այլն։

Հենց բնակարանում ձերբակալվեցին ու քննչական մարմնին ներկայացվեցին Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդն ու նրանց 33-ամյա ընկերը, որն օտարերկրյա քաղաքացի է։ Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

--00—ԼՄ