Կարող է լինել ազգությամբ ադրբեջանցի և ունենալ ՌԴ քաղաքացիություն․ չենք կենտրոնանա քաղաքացիության վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Բացառապես 150 հազար դոլարի ներդրման դիմաց չէ, որ կարող են քաղաքացիություն ստանալ, այլ սահմանում ենք նաև այլ չափորոշիչներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով օրենքի նախագծին։

«Նախագիծը դրվել է շրջանառության մեջ և հանրային քննարկման է դրվել՝ ստանալու համար այն կարծիքները, դիտարկումները, որ հուզում են մեր համաքաղաքացիներին»,-նշեց փոխոստիկանապետը։

Նրա խոսքով՝ սա դեռ նախագիծ է, իսկ առավել մանրամասն դրույթներ կսահմանվեն կառավարության համապատասխան որոշմամբ։
 

«Ռիսկերը, որոնք տեսնում են ոչ միայն քաղաքացիները, այլ նաև մենք, հնարավորինս կբացառվեն»,-նշեց Արա Ֆիդանյանը։

24News-ի լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ ստեղծված հնարավորությունից օգտվեն թուրքեր ու ադրբեջանցիներ, փոխոստիկանապետը նշեց, որ նախ սահմանվելու է սահմանափակ թվով մարդկանց քաղաքացիության տրամադրում։ «Ազգություն չենք կարող սահմանել օրենքում, սակայն բոլոր ռիսկերը միանշանակ հաշվի են առնվելու»։

Հիշեցնենք, որ նախագծի համաձայն` ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ նաև այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր որևէ ներդրումային ֆոնդում կներդնեն (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150 հազար դոլարին համարժեք գումար՝ առնվազն 10 տարի ժամկետով, կհիմնադրեն 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություն Հայաստանում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, կհիմնադրեն 100 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղ Հայաստանում, որն ունի 500 և ավելի աշխատող ՀՀ-ում, կհիմնեն 80 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամ, կկատարեն 100 հազար դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ