Այս պահին կարծում ենք, որ շուրջ երկու տասնյակ նոր գերիներ կան․ Սիրանուշ Սահակյան․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Սիրանուշ Սահակյան

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հրապարակի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

- Ադրբեջանն այս էսկալացիայից մի քանի օր առաջ 5 հայ գերի վերադարձրեց հայկական կողմին։ Խոսվում էր այն մասին, որ որեւէ միջնորդություն չի եղել` դա բարի կամքի դրսեւորում է։

- Իրականում, միջնորդություն եղել է Եվրոպական միության կողմից։ Եվ դա Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների հետ հայ ղեկավարների հանդիպմանը հաջորդեց։ Ակնհայտ է, որ կապ ունի ԵՄ միջնորդության հետ, բայց կար նաեւ այլ զարգացում՝ դա Բերձորի եւ Աղավնոյի բնակավայրերի հանձնումն էր Ադրբեջանին։ Այսինքն՝ կար քաղաքական պահանջի բավարարում, եւ, որպես կանոն, այդ պահանջների բավարարմանը կարող են հաջորդել մարդասիրական քայլեր՝ միջազգային գործընկերների միջնորդությամբ։ Կարծում եմ,  որ երկու զարգացման հետ էր կապված փոքրաթիվ գերիների վերադարձը։

- Այս պահին քանի՞ հաստատված գերի ունենք Ադրբեջանում։ Ի՞ նչ փուլում են նրանց նկատմամբ դատական գործընթացները։

- Մինչեւ այս նոր պատերազմական գործողությունների իրականացումը կար հաստատված 33 գերի, բայց այս թիվն ակնհայտորեն փոքր է եւ չի արտացոլում իրական թվերը։ Հավելյալ 80 անձ գերեվարված է եղել Ադրբեջանի կողմից, ուղղակի նրանք ենթարկվել են բռնի անհետացման։ Ակտիվ հաղորդակցության փուլ է։ Գրավոր փաստաթղթեր են փոխանակվում՝ դատարանի միջնորդությամբ, կողմերի միջեւ, ե ւ կողմերը դիրքորոշումներ են հայտնում իրավական հարցերի, փաստերի եւ ապացույցների վերաբերյալ։ Բոլոր ներկայացված գործերը գրանցված են, ընդունելության չափանիշները հաղթահարված են, եւ այս պահին ընթանում են ուղղակի գրավոր ընթացակարգով դատավարությունները։

- Ադրբեջանը Հայաստանի սահմաններին նոր պատերազմ է սկսել։ Ունենք նոր գերիներ։ Դուք ի՞նչ տեղեկատվություն ունեք` այս պահի դրությամբ հաստատված քանի՞ նոր գերի ունենք։

- Այս նոր միջադեպերով պայմանավորված, բնականաբար, կան գերիներ։ Դրանք տասնյակը գերազանցում են։ Տեսանյութերն ուսումնասիրվում են, եւ նույնականացման աշխատանքներ են այս պահին ընթանում՝ պետական կառույցների կողմից եւ նաեւ փաստահավաքություն իրականացնող մարդու իրավունքների պաշտպանների կողմից։ Կարմիր խաչը եւս տեղեկատվություն է հավաքագրում՝ հարազատների դիմումի հիման վրա։ Դրա համար բոլոր այն անձինք, ովքեր ճանաչում են տեսանյութերում իրենց զավակներին, հարազատներին, պետք է այս տեղեկատվությունը փոխանցեն նաեւ Կարմիր խաչին։ Եթե չկան անձի մասին տեղեկություններ, եւս պետք է այդ տեղեկատվությունները փոխանցվեն Կարմիր խաչին եւ իրավապաշտպան կառույցներին։ Այս պահին մենք կարծում ենք, որ շուրջ երկու տասնյակ գերիներ կան։

- Գերիների ուղղությամբ այս պահին ի՞նչ միջոցառումներ են իրականացվում։

- Այս աշխատանքներում ներգրավված է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի ղեկավարությամբ։ Անհապաղ միջոցների վերաբերյալ խնդրագրեր ուղարկվել են։ Մենք եւս տեղեկություններ ենք ստանում հարազատներից, իրականացնում ենք նույնականացում եւ անհատական գանգատների շրջանակներում եւս ներկայացնում ենք գերիներին։

- Այս պահին գտնվում եք Վաշինգտոնում։ Անձնակա՞ն այց է, թե՞ ինչ-որ ծրագրով։

- Այս գործերի հետ կապված եմ գտնվում Վաշինգտոնում։ Տարբեր հանդիպումներ են նախատեսված բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որտեղ բարձրաձայնում ենք մարդասիրական խնդիրները, նաեւ՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ուժի գործադրումը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ