Բուժհաստատությունների կառավարիչների 6-րդ սերնդին դիմավորեցին բժշկական համալսարանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մագիստրոսական կրթական ծրագիրը 2022-2023 ուսումնական տարում ունի 37 մասնակից, որոնք մրցութային կարգով են ընտրվել: Այս մասին տեղեկացնում է Երևանի պետական բժշկական համալսարանը։

Բուժհաստատությունների կառավարիչների 6-րդ սերնդին դիմավորեցին բժշկական համալսարանում:

Դասախոսներին և սովորողներին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ ապագա բժիշկների 100-րդ սերունդն այս տարի դարձավ ուսանող, և 100 սերունդ ավարտել է այս կրթագիտական հաստատությունը` ամուր կանգնած լինելով մեր ժողովրդի թիկունքին բոլոր արհավիրքների, բոլոր փորձությունների, բոլոր հաջողությունների ընթացքում:

«Բուժհաստատությունների կառավարման 6-րդ սերնդի ունկնդիրները ոչ միայն առողջապահական, այլև կառավարման համակարգում իրենց գիտելիքներով և հմտություններով կնպաստեն մեր երկրի հաջողություններին»,- շեշտեց Արմեն Մուրադյանը` կոչ անելով մասնակիցներին հաջողություններում լինել հետևողական:

Նա մաղթեց մասնակիցներին առաջիկա տասը ամսվա ընթացքում կարողանալ ձեռք բերել ոչ միայն գիտելիքներ, այլև դառնալ բժշկական համալսարանի առօրյայի, արժեհամակարգի ստեղծողներն ու կրողները:

Բուհի ղեկավարը կարևորեց, որ բժշկական բուհը ոչ միայն բուժական, գիտակրթական աշխատանք է կատարում, այլև լրջագույն սոցիալական պատասխանատվության ծրագրեր է իրականացնում զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց, զինվորների հարցում:

Նա ընդգծեց, որ հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող շատ տղաների համար կրթական այս ծրագրին մասնակցողները օրինակ են և նրանք ևս ցանկություն ունեն առաջիկայում այս ծրագրի մասնակից դառնալ:

««Բուժհաստատությունների կառավարում»-ը Հանրային առողջության ֆակուլտետի կրթական ծրագրերից մեկն է: Այն ֆակուլտետի ամենանոր, բայց հաջողված ծրագրերից է»,- նշեց ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը:

Ներկայացնելով կրթական այս ծրագրի նախորդ հինգ տարիների անցած ուղին նա ընդգծեց, որ այն հագեցած էր և հարուստ:

Դեկանը փաստեց, որ ծրագրի հաջողվածության մասին փաստում են շրջանավարտների գրանցած նվաճումները բուժհաստատությունների կառավարման ոլորտում:

Բիզնեսի և առողջապահության համատեքստում ստեղծված ծրագրի դասախոսական և բովանդակային ապահովման պատասխանատուն «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպությունն է, որի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում է համատեղ կյանքի կոչվում այն:

«Երկար ճանապարհ ենք սկսում այսօր միասին»,- ազդարարելով ծրագրի մեկնարկն ասաց «Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը:Նրա գնահատմամբ` նախորդ տարիների փորձառություն օգնում է ընդլայնել և զարգացնել ծրագիրը:

Իր ձևաչափով և մեթոդաբանությամբ այն կրթական համակարգում նոր խոսք է, որը տարբերվում է դասական դասախոսություններից, քանի որ ենթադրում է խմբային աշխատանքի կարևոր բաղկացուցիչ, հետազոտական աշխատանք, ինտերակտիվ հաղորդակցություն:

Նախաձեռնողները վստահ են, որ արդեն հինգ տարվա պատմություն ունեցող ծրագիրը նաև առաջիկայում կշարունակի իր հաջողված ընթացքը` հայաստանյան առողջապահական, կրթական համակարգերի համար պատրաստելով բուժհաստատությունների որակյալ կառավարիչներ:

Ինչպես ամեն տարի, սովորողներին կդասավանդեն Հայաստանի և արտերկրից հրավիրված լավագույն մասնագետները:

Ավարտին շնորհվում է բիզնես վարչարարության մագիտրոսի որակավորում բուժհաստատություների կառավարման բնագավառում (MBA in Healthcare Management):

--00--ԱՀ