ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ՀՀ-ում անսպասելի դրական էֆեկտ են թողել. Տիմոֆեև

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

«Հայաստանը գրավիչ երկիր է որպես հանգույց և ոչ միայն դիվանագիտական խնդիրների լուծման համար», կարծում է Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի ծրագրերի տնօրեն Իվան Տիմոֆեևը` ավելացնելով, որ հատկապես Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները Հայաստանում անսպասելի դրական ազդեցություն են թողել։  

«Հիմա Հայաստանում շատ ռուսներ են աշխատում։ Նրանք այստեղ իրենց լավ են զգում՝ գումարած վաղեմի մշակութային ու պատմական կապերը»,- ընդգծում է Տիմոֆեևը՝ Սերոբ Օհանյանի հետ «Позиция» հաղորդաշարի ընթացքում։  

Ըստ փորձագետի, ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն աշխարհում ավելի է սրվելու, և առաջիկա 5-10 տարիներին չի բացառվում ռազմական առճակատումը Չինաստանի և ԱՄՆ-ի միջև։  
«Ռուսական փորձագիտական հանրույթը կարծում է, որ ամերիկացիները կհանդիսանան այդ սրացման նախաձեռնողը, քանի որ Չինաստանը զարգանում է և՛ տեխնոլոգիական, և՛ տնտեսականա առումներով, և՛ ակտիվորեն արդիականացնում է իր զինված ուժերը»,- ասում է Տիմոֆեևը։  

Նա հավելում է, որ պատժամիջոցների պատերազմը կշարունակվի, և այս փուլում շատ ռուս գործարարների, շնորհիվ Հայաստանի, հաջողվել է մեղմել իրենց հասցված հարվածը։

--00--ԱՀ