Անգամ Պուտինը զարմանք հայտնեց, որ Նիկոլն Արցախի անկախությունը պատերազմի ժամանակ չճանաչեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչու առ այսօր ճանաչված չէ Արցախը։

«Ինչու՞ Արցախն առ այսօր ճանաչված չէ. կորսված հնարավորություն եւ ապագայի քայլեր։

 Արցախյան զինադադարից հետո (94 թվականի), ստեղծված իրավիճակում, երբ կար բանակցային ֆորմատ, Արցախի Հանրապետության ճանաչումը կդիտարկվեր որպես բանակցությունների վիժեցմանն ուղղված քայլ:

Եթե նախկին նախագահների ժամանակ Հայաստանը միակողմանի ճանաչեր Արցախի Հանրապետությունը, դա նշանակելու էր դիվանագիտական բոլոր հնարավորությունների չեղարկում, կլիներ պատերազմ ու մեղավոր կլիներ Հայաստանը: Այդ դեպքում ակնկալել միջազգային հանրության աջակցությունը, պարզապես տգիտություն է:

Համաշխարհային պետությունները ճանաչում են այս կամ այն տարածքը ռազմական գործողությունների առիթով կամ դրանց նախաշեմին:

Անգամ Ռուսաստանի նման գերտերությունը, մինչ պատերազմական իրավիճակ, չի ճանաչել իրեն հարող ինքնահռչակ միավորների անկախությունը, ինչպես օրինակ Լուգանսկի և Դոնեցկի դեպքում:

 2016-ի ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը հրավիրեց ԵԱՀԿ անդամ պետությունների բոլոր դեսպաններին և ուղիղ խոսքով ասաց՝ եթե պատերազմը այս քանի օրը չկանգնի, մենք ճանաչելու ենք Արցախի Հանրապետությունը:

Դիվանագիտական այս քայլին գումարվեց մեր բանակի հզոր պայքարն ու հաջորդ օրն իսկ պատերազմը կանգնեց:

 Արցախի անկախությունը պետք էր ճանաչել 44-օրյա պատերազմի ընթացքում:

Հայաստանը կորցրել է առնվազն 2 հնարավորություն պատերազմի ընթացքում ՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Առաջինը ռուսական զինադադարն էր՝ հոկտեմբերի 10-ին, 2-րդը՝ ֆրանսիական զինադադարը՝ 17-ին: Երկու դեպքում էլ կողմերը ընդունեցին կրակը դադարեցնելու պայմանը, բայց Ադրբեջանը կրկին անգամ խախտեց այն, հենց հաջորդ օրն իսկ Նիկոլը պետք է հայտներ Արցախի անկախությունը ճանաչելու իր մտադրության մասին:

 Նիկոլին ներկայացնում եմ քաղաքական դավաճանության երկու մեղադրանք՝

• ինչու ՞ չճանաչեց Արցախի անկախությունը,

• ինչու ՞ չխոցվեցին ադրբեջանական նավթագազային խողովակաշարերը:

 Ճանաչումը կտար հնարավորություն Արցախի սուբյեկտայնության բարձրացման, Հարավային Կովկասում «դե ֆակտո» նոր աշխարհաքաղաքական իրավիճակի: Մինչդեռ ներկայիս իշխանությունը առաջ է տանում ադրբեջանաթուրքական թեզերը:

Այս իրավիճակում, այս իշխանության օրոք խոսել Արցախի Հանրապետության ճանաչման մասին՝ անիրատեսական է:

Եթե չես կարողանում գնահատել անցյալդ, սեփական սխալներն ու բացթողումները, ապագայի մասին խոսել հնարավոր չէ»: