ՀԱԳՄ-ն վճռական է շարունակելու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը․ Արսեն Ղազարյան

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 4,  24 News

Արսեն Ղազարյան

Գործարարությունը տնտեսության և իրավիճակի փոփոխության ամենազգայուն ընկալողն ու արձագանքողն է։ Նոր իրողություններին համահունչ՝ նորովի մոտեցում պետք է ցուցաբերենք նաև մենք՝գործարարներս, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի այս տարվա առաջին նիստում հայտարարել է միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ անցած տարին, որն առանձնահատուկ էր հետպատերազմյան ու համավարակային մարտահրավերներով, ինչպես նաև համաշխարհային տնտեսության անկումային միտումներով, Հայաստանի գործարարներից առավել ջանք պահանջեց տնտեսական կայունության ապահովման, գործարար միջավայրի բարելավման, աշխատատեղերի պահպանման, ձեռնարկատիրական նոր հնարավորությունների ստեղծման ուղղությումբ։ 

Խորհրդի նիստի օրակարգային հարցերի թվում էին «ՀԱԳՄ 2021թ․ ընթացքում կատարած աշխատանքների և ֆինանսական գործունեության հաշվետվությունն» ու «ՀԱԳՄ 2022թ․ աշխատանքային ծրագրի և բյուջեի նախահաշվի հաստատումը», որոնց զեկուցմամբ հանդես եկավ Արսեն Ղազարյանը։

Ներկայացնելով 2021 թվականին կատարած աշխատանքները՝ ՀԱԳՄ նախագահն անդրադարձավ դրանց տարբեր ուղղություններին՝ պետական ատյանների հետ հարաբերություններ, օրինաստեղծ գործընթացներին մասնակցություն, գործարար համագործակցության խորացում, միջազգային ոլորտային կառույցների հետ կապեր, արտերկրի համանման կազմակերպությունների հետ փոխգործակցություն, աջակցություն սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, բարեգործություն և այլն։ Միության նախագահը հավաստիացրեց, որ ՀԱԳՄ-ն վճռական է առաջիկայում ևս շարունակելու իր հիմնական առաքելությունը՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը։

Խորհրդի անդամները ևս կարևորեցին ՀԱԳՄ ծավալած գործունեությունը՝ միաժամանակ մատնանշելով այն ուղղությունները, որոնք ժամանակի պահանջներին համահունչ կատարելագործման ու ընդլայնման անհրաժեշտություն ունեն։ Մասնավորապես հստակեցման կարիք ունեն պետական համապատասխան մարմինների հետ գործակցության ձևաչափերը, առանձնակի ուշադրության է արժանի երիտասարդ ձեռներեցների հետ տարվող աշխատանքը, կա ինչպես միջազգային, այնպես էլ հանրապետությունում գործող տնտեսական ուղղվածություն ունեցող կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ կապերի սերտացման անհրաժեշտություն, կարևորվեցին Միությանը կից մասնագիտական կոմիտեների գործունեությունը, վերապատրասման ու կրթական ծրագրերի կազմակերպումը։ 

 ՀԱԳՄ խորհուրդը քվեարկությամբ հաստատեց քննարկված հարցերը։

Օրակարգային էր նաև «ՀՀ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների հետ կատարած աշխատանքների մասին» հարցը։ Գնահատելով նշված ձևաչափով գործարար համայնքին հուզող հարցերի՝ գործադիրի հետ քննարկելու արդյունավետությունը, զեկուցողը՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, մասնավորապես կանգ առավ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ու Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի վերաբերյալ տարվող քննարկումներին։ Վերջիններիս առնչությամբ Միությունը պետական պատկան մարմիններին գրավոր ներկայացրել է իր մտահոգություններն ու առաջարկները, առաջիկայում սպասվում են նոր քննարկումներ։

 --00—ՄՀ