Արմեն Սարգսյանը լիազորությունները չէր օգտագործում գործադիրին հակակշռելու համար․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Քաղաքական

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություններ չեմ ակնկալում, որովհետև արտաքին քաղաքականությունը որոշում է վարչապետը։ Այս մասին 24News-ին ասաց Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Բենիամին Պողոսյանն՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնից հեռանալուն։ 

«Արմեն Սարգսյանն էական ազդեցություն արտաքին քաղաքականության վրա չուներ։ Այլ բան, որ հաշվի առնելով Սարգսյանի անձնական հեղինակությունը և միջազգային կապերը թե՛ բիզնես, թե՛ քաղաքական շրջանակներում, որոշ գործընթացների գուցե օգտակար լիներ կամ ինքնուրույն գործեր։ Նոր նախագահի թեկնածուն [նախարար Վահագն Խաչատուրյանը] բազմապատիկ անգամ ավելի քիչ հնարավորութուններ ունի՝ թե՛ հեղինակություն, թե՛ կապեր», - նշեց Բենիամին Պողոսյանը։

Քաղաքագետի խոսքերով՝ նախագահի ինստիտուտը, որը Արմեն Սարգսյանի անձի շնորհիվ գոնե ինչ-ինչ արտաքին քաղաքական նախաձեռնությունների կամ գործընթացների մեջ էր, հիմա դա էլ չի լինի։ «Կարելի է ասել՝ նախագահի ինստիտուտի արդյունավետությունը կամ գործունեությունը կձգտի զրոյի։ Այսինքն՝ պարզապես կդառնա հիմնարկ, որտեղ կան որոշակի աշխատողներ, օգնականներ, խորհրդականներ, ռեֆերենտներ, վարչություններ, պետեր, բաժնի պետեր, բյուջե, աշխատանքի տեղ և այլն»։

Ըստ Պողոսյանի՝ ներքին քաղաքականության մեջ, այնպես չէ, որ ամեն զգայուն կամ կարևոր քաղաքական պահերին Արմեն Սարգսյանը նույնիսկ սակավ լիազորությունները փորձում էր օգտագործել այս կամ այն կերպ գործադիր իշխանությանը հակակշռելու համար։ «Ընդամենը 2 օրինակ կարող ենք հիշել, մեկը՝ 2020թ․ամռանն Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխություններն էին, նախագահը օրենքը չստորագրեց, սակայն ոչ էլ դիմեց Սահմանադրական դատարան, փաստացի հնարավորություն տալով ԱԺ նախագահին օրենքը ստորագրել, Սահմանադրությունը փոխվեց, ՍԴ դատավորներ փոխվեցին։ Նույնն արդեն տեղի ունեցավ 2021 թվականի փետրվար-մարտին՝ կապված գլխավոր շտաբի պետի [նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի] հետ։ Երբ որ մի կողմից չստորագրեց պաշտոնանկ անելու՝ վարչապետի առաջարկը, սակայն նաև չդիմեց ՍԴ, այլ դիմեց լրիվ ուրիշ հարցով։ Եվ արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ վարչապետն էր ցանկանում, այսինքն՝ ԳՇ պետը փոխվեց»։

«Հետևաբար ես չեմ կարծում, որ այն գնահատականները, որ «Տեսե՛ք, արդեն նախագահը ցանկացած բան ստորագրելու է, և եթե գոնե նախկինում հույսեր կային, որ կարելի էր դիմել ՍԴ և այլն, հիմա այդ հույսն էլ չկա», տեղին են։ Ինչ-որ փոփոխութուններ գուցե կլինեն։ Կարող է որոշ հարցերում Սարգսյանը փորձում էր որոշակի անկախություն ցուցաբերել, թեկուզ ՍԴ դիմելու հարցով, սակայն նորից եմ ասում, եթե նայում ենք իշխող ուժի համար կարևոր հարցերին, այստեղ Արմեն Սարգսյանը չեզոքություն է դրսևորել, սակայն դա ի նպաստ էր գործող իշխանություններին», - ընդգծեց քաղաքագետը։

Բենիամ Պողոսյանի համոզմամբ՝ լուրջ փոփոխություններ տեսանելի չեն։ «Այսինքն՝ մաքսիմում հնարավոր է, որ ոչ այնքան կարևոր հարցերում եթե Արմեն Սարգսյանը փորձեր միանգամից չկատարել գործադիրի կամ վարչապետի ցանկությունները կամ պահանջները, հիմա պարոն Խաչատուրյանը գուցե դա էլ չփորձի։ Սակայն նորից եմ ասում, խոսքը վերաբերում է ոչ կենսական նշանակություն ունեցող հարցերին, որովհետև այդ հարցերում, ցավոք, Արմեն Սարգսյանը ևս վերջին հաշվով փորձում էր պահպանել չեզոքությունը, ինչն իրականում նշանակում էր աջակցություն վարչապետին և գործող իշխանությանը», - եզրափակեց նա։

--00--ԿԿ