Աբովյան համայնքում կաթնաղբյուրցիների մի մասը դժգոհ է, որ «դրսից» է գյուղապետ նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Հասարակական
24News-ի տեղեկություններով՝ Աբովյան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում բնակչության մի մասը դժգոհ է, որ վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվել է ոչ տեղի բնակիչ (Վարդան Ներսիսյան)։ Գյուղի բնակիչները նույնիսկ որոշել էին ճանապարհ փակել՝ իրենց դժգոհությունն արտահայտելու համար։ Մեր տեղեկություններով՝ նորանշանակ վարչական ղեկավարն ավելի ուշ է գրանցվել գյուղում, որպեսզի կարողանար նշանակվել ղեկավարի պաշտոնում։ 

Կաթնաղբյուրի նախկին գյուղապետ Քաջիկ Ասատրյանը, ում լիազորությունները Աբովյանի խոշորացումից հետո դեկտեմբերի 20-ին դադարել են, 24News-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ է խնդրից։ «Եկե՛ք, ցանկացած Կաթանաբյուրի բնակչի հարցրե՛ք, Ձեզ կասեն, որ դեմ են դրսից ինչ-որ մեկին մեկ օրում գրանցեն գյուղում, աստֆալտի վրից բերեն, որ գյուղ ղեկավարի։ Տեղեկությունները, որ տվել են Ձեզ, երևի ճիշտ են տվել, այդ տեղեկություններին լավ, քաջ ծանոթ է նաև խոշորացված համայնքի ղեկավարը [Էդուարդ Բաբայանը]», - նշեց Ասատրյանը։

Ըստ նրա՝ վարչական նոր ղեկավարը Աբովյան քաղաքից է։ «Մեկ ժամում գրանցել են, ամսի 11-ին գրանցել են, ամսի 12-ին էլ հրամանն են տվել։ Նրա պապը, պապու հերը երևի այստեղի գյուղացին է եղել, լքել են գյուղը, թքել են գյուղի վրա, էսօր հիշել են գյուղի մասին։ Ընդհանրապես ժողովուրդը գնում-գալիս է, որպես իմ հարազատ մարդկանց հետ ես զրուցում եմ, դեռ հանգստացնում եմ ժողովրդին՝ «հանգստացե՛ք, այսպես կլինի»։ Կարո՞ղ ա մի 2 տոկոսն ուզենան, բայց էսօր գյուղացիների 96-97 տոկոսը չի ուզում, որ գյուղապետը դրսից լինի։ Թող ինձ էլ չնշանակեն, ներսից մեկին նշանակեն։ Համայնքապետարանում կան 15-20 տարվա ստաժ, բարձրագույն կրթություն ունեցողներ, գյուղում են ծնվել, մեծացել, թող իրենցից մեկին նշանակեն։ Գյուղում շատ կիրթ երիտասարդություն կա։ Դե հիմա երևի նպատակահարմար չեն գտել, որ գյուղից լինի, նշանակել են, ի՞նչ ասեմ»,- եզրափակեց Կաթնաղբյուրի նախկին ղեկավարը։

Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արուսյակ Առաքելյանը 24News-ին ասաց, որ տեղյակ չէ՝ արդյոք նոր ղեկավարն ավելի վաղ բնակվել է Կաթնաղբյուրում, թե ոչ, բայց հաշվառված է գյուղում, օրենքի խախտում չկա։ «Դեռ չեն տեսել այդ մարդու աշխատանքը, նոր է նշանակված, մի օր չի աշխատել անգամ։ Երբ որ կտեսնեն աշխատանքը ձախողվում է, նորմալ չի իրականացվում, այդ ժամանակ դժգոհություն կբարձրացնեն։ Բայց դեռ աշխատանքը, արդյունքը չեն տեսել, ինչի՞ց են դժգոհում», - ասաց նա։

«Աբովյան համայնքում ընթանում է միավորման գործընթաց, մենք այդ պրոցեսի մեջ ենք, դեռևս աշխատակազմերը տեղերում աշխատում են, այդ թվում՝ Աբովյանում։ Ձևավորվելու է մեկ ընդհանուր աշխատակազմ, բյուջեներն են միավորելու, գույքերն են միավորելու, այդ պրոցեսի մեջ ենք։ Դեռևս սուբվենցիոն ծրագրերն ենք մշակում, որ սկսենք», - հավելեց Առաքելյանը։

Ինչ վերաբերում է Էդուարդ Բաբայանի՝ կաթնաղբյուրիների դժգոհությունից տեղյակ լինելուն, ապա աշխատակազմի քարտուղարն ասաց, որ դեռևս նոր ղեկավարի աշխատանքը չեն տեսել, որ դժգոհեն, կամ չդժգոհեն։ «Դեռևս մարդը չի աշխատել, պետք է տեսնեն արդյունք, նոր դժգոհություն հայտնեն, կամ չհայտնեն, սուբյեկտիվ մոտեցում որ լինի, դա ճի՞շտ է», - եզրափակեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։ 

Նորանշանակ ղեկավար Վարդան Ներսիսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։