Գեղարքունիքում համայնքապետը պնդում է, որ «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի տնօրենն իրեն ծեծի է ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

հասարակական

Օգոստոսի 9-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Գետաշեն գյուղի բնակիչ՝ նույն համայնքի ղեկավար, 31-ամյա Տիգրան Մուրադյանը դիմել է ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում համայնքի բնակիչների ահազանգի և դիմումի հետքերով գնացել է գյուղի Բ թաղամասի 13-րդ փողոց, որտեղ մի խումբ անձինք անհիմն վիճաբանել ու ծեծի են ենթարկել իրեն։

Մարտունու ոստիկանները պարզել են, որ Տ. Մուրադյանի հետ վիճաբանել են նույն գյուղի բնակիչ՝ 58-ամյա Արտուշ Ղուկասյանը, 53-ամյա Արսեն Ղուկասյանը, 21-ամյա Սեյրան Ղուկասյանը, 50-ամյա Արմեն Ղուկասյանը, 20-ամյա Խաչիկ Ղուկասյանը, 24-ամյա Տիգրան Ղուկասյանը, 31-ամյա Տարոն Ղուկասյանը և 28-ամյա Սասուն Ղուկասյանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ համայնքի ղեկավարը հայտնել է, որ նշված անձինք ծեծի են ենթարկել իրեն, իսկ պատճառը եղել է այն, որ ինքը՝ որպես համայնքի ղեկավար, Ա. Ղուկասյանին պատկանող պահածոների գործարանի կոյուղաջրերը ոռոգման առվի մեջ լցնելու մասին ահազանգեր է ստացել և այդ հարցով փորձել է պարզել իրողությունը, իսկ նշված անձինք խոչընդոտել են իր աշխատանքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արտուշ Ղուկասյանն աշխատում է «ԱՏԱՍՏ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի տնօրեն։ Մինչ ոստիկանությունը կատարվածի մասին լսում էր համայնքի ղեկավար Տ. Մուրադյանին, նույն օրը ոստիկանության Մարտունու բաժին է դիմում նույն գյուղի բնակիչ՝ 20-ամյա Խաչիկ Ղուկասյանը և հայտնում, որ գյուղի Բ թաղամասի 13-րդ փողոցում իրենց ընտանիքին պատկանող պահածոների գործարանի կույուղաջրերը ոռոգման առվի մեջ լցնելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ համայնքի ղեկավար Տ. Մուրադյանը ձեռքերով հարվածել է իրեն, ինչի հետևանքով իրեն պատճառվել են մարմնական վնասվածքներ։

--0--ԿԿ