Տեղի և Վերին Շորժայի ուղղությամբ իրավիճակը հանդարտ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Տեղ

Ընդհանուր կայուն իրավիճակ է, թշնամուց խնդիր չկա այս պահի դրությամբ։ 24News-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Ղուլունցը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծի հատվածում իրավիճակին։

«Ավելի կոնկրետ կարող եք ՊՆ-ից ճշտել, բայց կոնկրետ մեր սահմանի հետ կապված ոչ մի խնդիր չկա։ Իրավիճակը կայուն է», - հավելեց Ղուլունցը։

Ըստ նրա՝ գիշերը փոքր տրամաչափի զենքերից կրակոցներ հայկական դիրքերի ուղղությամբ նույնպես չեն լինում։ Երեկ համայնքապետարանը հայտարարություն էր տարածել, որ համայնքի Խնածախ բնակավայրից սահմանը հատած 3 ձիերից երկուսը ինքնուրույն են հետ վերադարձել, իսկ մեկը մնացել է հակառակորդ կողմի մոտ: Ղուլունցն ասաց, որ մեկի վերադարձի մասով դեռ աշխատանքները շարունակվում են։

«Հիմա աշխատում ենք այդ մեկի ուղղությամբ, որ այդ մեկն էլ հետ բերենք։ Ե՛վ ռուս խաղաղապահների, և՛ մեր սահմանապահ զորքերի, և՛ մեր ջանքերի շնորհիվ այդ հարցը լուծվում է», - եզրափակեց համայնքապետի պաշտոնակատարը։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ սովորական իրավիճակ է սահմանին, և որ կրակոցներ չկա հայկական դիրքերի, գյուղի ուղղությամբ։ Նա նշեց, որ որևէ տեղեկություն չունի սահմանների հնարավոր դեմարկացիա, դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ։

Նշենք, որ մայիս ամսից ադրբեջանական ուժերն այս համայնքների ուղղությամբ ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք ու դուրս չեն գալիս։

--00--ԱԹ