ՌԴ սահմանապահ զորքերի ներգրավվածությունը ՀՀ պետական սահմանի պահպանությանը կընդլայնվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News  

ռուս սահմանապահ

Կառավարությունն այսօր հաստատել է 2021-2026թթ. գործունեության ծրագիրը։ Համաձայն այդ ծրագրի՝

Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործոններն են.

Հայոց արդիականացվող բանակը

      Մեկնարկել է Հայաստանի Զինված ուժերի կառուցվածքային և  բովանդակային բարեփոխումների լայնածավալ գործընթացը: Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և  զորահավաքային զինծառայության կառուցվածքը:

     Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով: 

Հայ-ռուսական ռազմավարական դաշինքը

     Հայաստանի Հանրապետության և  Ռուսաստանի Դաշնության միջև  բարեկամության, համագործակցության և  փոխադարձ օգնության մասին պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և  Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և  Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին, Հայաստանի Հանրապետության և  Ռուսաստանի Դաշնության միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա կշարունակեն հագեցվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները: Սյունիքի մարզի Գորիսի և  Սիսիանի շրջաններում հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր: Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մի շարք հատվածներում սահմանի պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները: Ռուսասատանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ զորքերի ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությանը կընդլայնվի: 

Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՀԱՊԿ-ին

     Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին և  աշխատել պայմանագրային և  փաստաթղթային բազայի, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման և կիրառման ուղղությամբ, որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և  համատեղ նպատակները:

--00--ԱԹ