«Անկլավների փոխանակման» դեպքում Ադրբեջանի հետ մեր առաջնագիծը երկարելու է ևս 70 կմ-ով

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Դերենիկ

«Լույս» հիմնադրամի հետազոտող Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մենք ուզո՞ւմ ենք Ադրբեջանի հետ լրացուցիչ 70 կմ երկարությամբ նոր շփման գիծ ունենալ, երբ ինքնուրույն ի վիճակի չենք պաշտպանելու նույնիսկ ներկայիս սահմանագիծը:

Վերջին օրերին կրկին ակտիվացնել է այսպես կոչված «անկլավների փոխանակման» թեման։ Հատկանշական է, որ ըստ մամուլում տարածված, նաև ՊՆ կողմից հաստատված/չհերքված տեղեկությունների` վերջին օրերին ռուս սահմանապահներ են տեղակայվել Տավուշի մարզի հենց այն բնակավայրերում, որոնք գտնվում են այդ «անկլավներին» կից` Ոսկեպար, Ազատամուտ, Այգեհովիտ գյուղերում։

Այս փաստը վկայում է այն մասին, որ Տավուշում ռուս զինվորականների տեղակայումը բխում է ոչ թե հայ֊ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման մասին ՀՀ վարչապետի առաջարկի, այլ «անկլավների» հետ կապված ինչ որ ստվերային գործընթացների տրամաբանությունից։

Նախկինում մի քանի անգամ անդրադարձել եմ այն հարցին, թե կոմունիկացիոն անվտանգության տեսանկյունից Տավուշի, ինչպես նաև Արարատի մարզի «անկլավների» փոխանակումը ինչպիսի սպառնալիքներ կարող է ներկայացնել Հայաստանի համար։ Սակայն փորձ է արվում Հայաստանի քաղաքացիներին այս գործընթացը հրամցնել որպես փոխշահավետ, փոխադարձ զիջումներ ենթադրող գործընթաց` նկատի ունենալով Արծվաշենի անկլավի վերադարձի հեռանկարը։

Այս անգամ փորձեմ ներկայացնել «անկլավների» հնարավոր «փոխանակման» գաղափարի` մեզ համար մեկ այլ, էական սպառնալիք։ Եթե ենթադրենք, որ մենք Ադրբեջանին ենք վերադարձնելու 3 անկլավներ, ապա պետք է նկատի ունենանք, որ դրանց սահմանների ընդհանուր պարագիծը շուրջ 45 կմ է։

Սա նշանակում է, որ մենք Տավուշում և Արարատի մարզում ունենալու ենք 45 կմ երկարությամբ լրացուցիչ, անբարենպաստ առաջնագիծ։ Դեռ չեմ նշում ռելիեֆի, Ադրբեջանի կողմից անկլավների հետ ֆիզիկական կապի հնարավոր պահանջի և այլ հանգամանքների մասին։

Օրինակ Վերին Ոսկեպարի հանձնման դեպքում ադրբեջանցիները տեղակայվելու են Լոռու մարզի սահմանից ընդամենը 2կմ հեռավորության վրա, անտառածածկ հատվածում, ինչը նշանակում է, որ Հայաստանի ևս մեկ մարզ ինչ որ իմաստով փաստացի դառնալու սահմանամերձ։

Եթե նույնիսկ ենթադրենք, որ Ադրբեջանը մեզ է վերադարձնելու կոմունիկացիոն և ռազմավարական տեսանկյունից որևէ էական նշանակություն չունեցող Արծվաշենի անկլավը, ապա պետք է հաշվի առնենք, որ դրա սահմանի պարագիծը ավելի քան 25 կմ է։

Փաստորեն, եթե տեղի ունենա «անկլավների պարզ փոխանակում», ապա Ադրբեջանի հետ մեր առաջնագիծը երկարելու է ևս 70 կիլոմետրով։ Պատկերացնելու համար, թե ինչ հսկայական սահմանագծի մասին է խոսքը, նշեմ, որ դա ավելի երկար է, քան Երևանից Սևան ճանապարհը, շուրջ 2 անգամ ավելի երկար է Իրան֊Հայաստան պետական սահմանից։

Եվ սա այն պարագայում, երբ Ադրբեջանի հետ մեր շփման գիծը 44֊օրյա պատերազմի արդյունքում արդեն իսկ զգալիորեն ընդլայնվել է, երբ մենք այդ նոր բնագծերը պաշտպանելու տեսանկյունից մարդկային և ռազմական ռեսուրսի խիստ սահմանափակումներ ունենք, իսկ Ադրբեջանը այդպիսի խնդիր չունի։ Նաև սա է պատճառը, որ Ադրբեջանը պարբերաբար սադրանքի է դիմում առաջնագծի տարբեր հատվածներում, իսկ երբեմն էլ անարգել ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք։

Մենք ուզո՞ւմ ենք Ադրբեջանի հետ լրացուցիչ 70 կմ երկարությամբ շփման գիծ ունենալ, երբ ինքնուրույն ի վիճակի չենք պաշտպանելու նույնիսկ ներկայիս սահմանագիծը»։

--00--ԱԹ