Փաշինյանը չհերքեց` Տավուշից որոշ ճանապարհներ կարող է Ադրբեջանին անցնեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Մենք հիմա խոսում ենք դելիմիտացիա-դեմարկացիայի մասին, քննարկում կա, թե որ թվի քարտեզներով դա պիտի լինի: Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին` Տավուշում Կիրանց-Ոսկեպար` սարերով ձգվող այլընտրանքային ճանապա՞րհ կկառուցվի, և եթե այո` ի՞նչ նշանակության կլինի այն:

«Տարբեր քարտեզներ կան, դրանք մանրամասն ուսումնասիրում ենք, տեսնում ենք` կան քարտեզներ, որոնցում մեր ունեցած ճանապարհները որոշակիորեն դուրս են գալիս ՀՀ տարածքից: Քննարկում ենք սցենարներ` այ, եթե էսպես ընթանան պրոցեսները, ինչ խնդիրներ կունենանք, Բերքաբերի վարելահողերի 90 տոկոսը 75 թվի քարտեզներով էսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, Վազաշենի հողատարածքների մի շատ մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է, Պառավաքարի վարելահողերի մեծամասնությունը, Այգեհովիտից էլ որոշակի կտոր»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով` պետք է իրավիճակի նրբությունների մեջ խորանան, ինչպես Գորիս-Կապանի մի փոքր հատվածի հետ խնդիր կար. ստացվեց, որ մենք կարող ենք ճանապարհից զրկվել:

«Գիտեք ինչ, հա, ես կարող եմ ասել` ոչ մի դեպքում, ոչ մի թիզ, բայց չեմ ուզում` աչքերս, ականջներս փակենք, ասենք  ոչ մի բան չենք նկատում: Մենք նայում ենք սցենարներ` որ դեպքում ինչ խնդիրներ կունենանք: Էդ նկարագրված` սարերով... ոչ մի սարերովի մասին խոսք չկա․ Կիրանց-Ոսկեպար հատվածի այլընտրանքային ճանապարհի կառուցումը մոտավոր 500 մետր հնարավոր է լինի»,- ասաց նա:

Վարչապետը նաև հիշեցրեց` շատ է խոսվում անկլավների մասին, սակայն մինչև այս պահն ինչքան ուսումնասիրել են, անկլավների գոյության իրավական հիմք չեն գտել:

«Անկլավների գոյության իրավական հիմք այս պահին չկա․ հնարավոր է՝ հաջորդ պահին ի հայտ գա»,- նշեց Փաշինյանը:

--00--ԱԹ