Ծաղկաձորում մեկնարկել է «Երիտասարդական ներառման խթանում» միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Հասարակական

«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկը մեկնարկել է այսօր Ծաղկաձորում։ 

Ծրագրի նպատակն է չեզոքացնել խոցելի երիտասարդ մարդկանց (տեղահանված անձինք, փախստականներ, սոցիալապես խոցելի և այլն) սոցիալական մեկուսացումը՝ նպաստելով նրանց զբաղվածության, տնտեսական և քաղաքացիական մասնակցությանը:

Ինչպես հայտնեց 24News-ին երիտասարդական ոլորտի փորձագետ Թամարա Թորոսյանը, ծրագրի բոլոր բաղադրիչները խիստ կարևոր են երիտասարդների կարիերայի աջակցման և աշխատաշուկայում ինտեգրման հարցում: 

«Այս 3 հագեցած օրերի ընթացքում արցախցի երիտասարդները կծանոթանան երիտասարդական մասնակցությանը,երիտասարդական աշխատանքին, որոնք հանդիսանում են երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններ տեղեկան և միջազգային մակարդակներում: Հաջորդ 2 փուլերը կամրացնեն մասնակիցների տեսական և գործնական գիտելիքները, որը լավ հիմք կհանդիսանա հետագա կարիրայի աջակցման գործում», - նշեց նա։ 

Ծաղկաձորում մեկնարկած ներածական եռօրյա սեմինարի շրջանակներում մասնակիցները հատուկ մշակված դասախոսությունների շրջանակներում ծանոթանալու են «Ինչ է առաջնորդություն», «Երիտասարդական մասնակցություն. հայեցակարգ և մարտահրավերներ», «Երիտասարդական աշխատանք և ներգրավվածություն», ինչպես նաև այլ հետաքրքիր թեմաներին։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ 

--00--ԿԿ