Ադրբեջանը հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներկայացնում ՄԻԵԴ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News   

Արա Այվազյան

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդի առանձնազրույցը։

Մինչ Հայաստան ժամանելը, Անն Լինդեն եղել է Ադրբեջանում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Անն Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ Ադրբեջանը, համաձայն իր պարտավորությունների, հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ընթացքում և դրանից առաջ։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը՝ ասելով, որ սա ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է հումանիտար բնույթի այս հրատապ հարցի վերաբերյալ: Նաղդալյանի խոսքով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հայտարարությամբ հակադրվում է հենց այդ երկրի մյուս պատկան մարմիններին, որոնք հաստատել են Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիների առկայության փաստը՝ գերեվարված ինչպես ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո:

Ադրբեջանը հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներկայացնում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որը զբաղվում է այս հարցով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գործի շրջանակներում։

--00—ՄՀ