Սոֆյա Հովսեփյանը դժգոհել է ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովից, Շաքե Իսայանը արձագանքել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Շաքե

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի աշխատանքին, որը իրավասու է զբաղվել ռազմագերների հարցով, բայց չի զբաղվում:

«Ցավոք, երբ ինձ գերիների փոխանակման տեղեկատվություն են փոխանցում, առաջին մարդը, որ գալիս է աչքիս առաջ, և ում պետք է դիմել, ՀՀ ՄԻՊ-ն է՝ պարոն Թաթոյանը, որը միշտ պատրաստակամ ու սիրով անմիջապես արձագանքում, ու, վստահ եմ, իր անելիքներն ամբողջությամբ անում է, բայց մեկ այլ ցավալի իրավիճակ է, երբ տեսնում եմ էս մարդը մենակ է իր թիմի՝ ՄԻՊ աշխատակիցների հետ, այն դեպքում, երբ ՀՀ ԱԺ-ում գործում է Մարդու իրավունքների հանձնաժողով, ովքեր այս երկուսուկես տարիների ընթացքում, բառիս ուղիղ իմաստով, ոչ մի կարևոր գործ չեն արել՝ բացի մի շարք ոչ պետականամետ ծրագրեր առաջ տանելով:

Այսօր իրենք լուռ են, իրենք չեն թակում հազարավոր դռներ ու չեն պահանջում գերիների փոխանակման հարցի՝ օր շուտ կարգավորումը: Այո՛, ես դա կարող եմ անել և անում եմ իմ կարողությունների և լիազորությունների սահմաններում, բայց ո՞ւր են իրենք, ինչո՞ւ մի ողջ հանձնաժողով չի գործում կամ գործում է էլի անհատների մակարդակում, մինչդեռ կեղծ ելույթներով միշտ աչքի են ընկել ու փորձել խաղաղասեր երևալ: Խաղաղասե՞ր եք, ընդունում եմ, մեր երկրում բոլորն են խաղաղասեր, և ձեր քարոզը անտեղի է. դա արեք միջազգային մակարդակում և օր առաջ շուտ լուծեք գերիների հարցը:

Ամեն ինչ իրար է խառնվել, ամեն ինչ շիլա է, աշխատե՛ք, տիկնայք ու պարոնայք , դուք միայն ելույթների ու կեղծ քարոզների համար չե՛ք:

Ցանկացած վիրավորող արտահայտություն ջնջելու եմ: Սա կոչ է, որը հասցեատերեր ունի, և թողեք հասցեատերերը կարդան ու արձագանքեն, որոնց շատ հարցեր ունեմ, բայց դեռ ժամանակը չէ հարցերը տալու, այս պահի հրատապությունը ռազմագերիներն են:

Ֆեյքերից էլ իմունիտետ ունեմ, ժամանակ չծախսե՛ք»,-գրել է Սոֆյա Հովսեփյանը:

Ավելի ուշ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իմքայլական գործընկեոջ գրառմանը:

«Կարդացի Սոֆյա Հովսեփյան-ի գրառումը՝ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի աշխատանքների մասով:

Տիկի՛ն Սոֆյա Հովսեփյան, եթե դեռ չեք նկատել, ապա ասեմ, որ պետական ապարատն ամբողջությամբ պարալիզացված է, քանի որ այն Վարչապետը, որի թիմի մասն եք կազմում, ի դեպ, նաև Դուք, կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ է ստորագրել: Եվ կազմակերպչական ապաշնորհ ղեկավարմամբ աչքի ընկած պաշտոնյաները այս օրերին վերջնականապես տապալեցին իրենց վստահված ոլորտները՝ վկան Քարվաճառից, Մարտակերտից, Մարտունիից և այլ բնակավայրերից սպոնտան, իրենք իրենց ցավի հետ բացարձակ մենակ մնացած մարդկանց գաղթն էր: Հուսամ՝ թշնամուն հանձնվող բնակավայրերի ցանկին ծանոթացել եք: Դե իսկ Շուշին ուղղակի հանձնելու մասին աշխարհն է խոսում: Սա այսպես՝ միջանկյալ: Այստեղ են ասել՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»:

Ինչ վերաբերում է հանձնաժողովին. Դուք որտեղի՞ց կարող եք իմանալ, թե այս օրերին հանձնաժողովը, ինչպես նաև հանձնաժողովի անհատ-պատգամավորները՝ այդ թվում կարծում եմ նաև ձեր իսկ թիմակիցները, ինչ աշխատանք են կատարել և կատարում: Որտեղի՞ց կարող եք իմանալ, թե ինչ կառույցների հետ է կապ հաստատվել, ինչ գրություններ են ուղղվել, ինչ այցեր են կատարվել: Եթե աշխատելու չափիչը ձեզ համար ֆեյսբուքում կատարվող փոսթերն են, ապա հիշեցնեմ, որ այդ գործելաոճի պատճառով մենք Հայրենիք կորցրեցինք: Պոպուլիզմը ոչ մի տեղ տանող ճանապարհ է...

Հ. Գ. 1. Իսկ առհասարակ, թիմի քաղաքական պատասխանատվությունը Հայրենիքին հասված անդառնալի վնասի համար կիսելը արտահայտվում է կոնկրետ գործողությամբ՝ ինչպես գյումրեցու թասիբով դա արեց Gayane Abrahamyan-ը:

Հ. Գ. 2. Ցանկացած վիրավորական արտահայտություն հեռացվելու է»:

--00—ԼՄ