Ումի՞ց են ազատագրում քաղաքները, գյուղերը, հայերի՞ց.քաղաքական բառապաշարում դա էթնիկ զտում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույց է տվել ռուսաստանյան «Дождь» հեռուստաընկերությանը, որի շրջանակում անդրադարձել է նաև հակառակորդի հայտարարությանը, թե Ղարաբաղում ազատագրել են մի շարք բնակավայրեր, գյուղեր, և դրա շրջանակում բարձրաձայնել է նաև ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների մասին:

Հարցազրույցից հատվածը՝ ստորև.

Հարց- Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղում ազատագրել են մի շարք բնակավայրեր, գյուղեր: Որքանո՞վ է հնարավոր հաստատել կամ հերքել այս տեղեկությունը:

- Սա ավելի շատ կառավարությանը՝ Հայաստանի պաշտպանության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներին տրվելիք հարց է, այլ ոչ թե ինձ: Ես կարող եմ ասել, որ ցավոք, երբ ադրբեջանական կողմը խոսում է ազատագրելու մասին, ես չեմ հասկանում այդ բառը: Ումի՞ց են նրանք ազատագրում քաղաքներն ու գյուղերը, երբ այդտեղ բնակվում և մշտապես բնակվել են մեծամասամբ հայեր: Նրանք ազատագրում են հայերի՞ց: Քաղաքական բառապաշարում սա կոչվում է էթնիկ զտում, այլ ոչ թե ազատագրում: Ղարաբաղյան կողմի համար սա պատերազմ է սեփական տան համար, այն տան, որտեղ ապրել են հազարամյակներ ի վեր, պատերազմ սեփական հավատի, ընտանիքի, երեխաների, արժանապատվության համար:

Երբ ադրբեջանական կողմն ասում է՝ ազատագրել, դա այլ բան չէ է, քան էթնիկ զտումը: Ցավոք, հայ ժողովուրդը, այդ թվում և՝ Ղարաբաղի ժողովուրդը 105 տարի հետո արդեն երկրորդ անգամ տեսնում է նույնը, ինչ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ուստի ինձ համար դժվար է դատողություններ անել ինչ-ինչ «ազատագրումների» մասին, երբ տվյալ դեպքում դա նշանակում է տարածք առանց այն մարդկանց, ովքեր այդտեղ բնակվում են, այսինքն՝ էթնիկ զտում:

Հարց- Տվյալ դեպքում ադրբեջանական կողմը քննարկումների ժամանակ հենվում է փախստականների առկայության վրա: Նրանք ասում են՝ մենք 1 մլն մարդ ունենք, որոնց մեջ մտնում են իրենց տներից տեղահանվածները և նրանց սերունդները, ովքեր իրավունք ունեն վերադառնալ իրենց տուն: Ի՞նչ եք պատասխանում սրան:

- Նախ՝ ինձ շատ հետաքրքիր է, թե Ղարաբաղում որտե՞ղ է այդ միլիոնը բնակվել: Պետք է ուղղակի վերցնել ԼՂ վիճակագրությունը, երբ այն 65 տարի եղել է Ադրբեջանի մաս՝ որպես ինքնավար շրջան: Անգամ խորհրդային իշխանության տարիներին այնտեղ չէր կարող միլիոն մարդ լինել:

Երբ խոսում եք միլիոնների մասին, ցավոք, այդ բոլոր թվերը մեզ տանում են 30 տարի հետ՝ երբ սկսվեց հակամարտությունը: Իսկ հակամարտությունը սկսվեց շատ պարզ մի բանից, երբ ԼՂ ժողովուրդը ոգևորվեց ԽՄ փլուզումից հետո ժողովուրդների՝ ինքնորոշման ճանապարհով գնալու և անկախ պետություն դառնալու փաստից: Իրենց հազարամյակների պատմության ընթացքում նրանք միայն 65 տարի են գտնվել Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում, այն էլ՝ Իոսիֆ Ստալինի թեթև ձեռքով, որն ազգային հակամարտությունների վարպետ էր և առաջ էր տանում «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը: 65 տարիների ընթացքում Ադրբեջանն արեց ամեն բան՝ 65 տարի իրենց հետ բնակվող հայերի վստահությունը կոտրելու համար, քանի որ նրանք ուժերի ներածին չափով փորձում էին անել այն, ինչ անում են այսօր՝ Ղարաբաղն առանց հայերի: Սակայն ղարաբաղցիները մեկ անգամ չէ, որ տեսել են հարձակումներ, պատերազմներ, բայց միշտ մնացել են 3-րդ, 4-րդ դարերի ընթացքում կառուցված քրիստոնեական տաճարների կողքին, իրենց ապուպապերի տնկած այգիների կողքին:

Երբ այս ամենը սկսվեց, երբ 1988 թվականին Ղարաբաղում հայտարարեցին ազատ ապրելու և կյանքն ինքնուրույն տնօրինելու իրենց ցանկության մասին, Բաքվի կողմից պատասխանը եղան ջարդերը Բաքվում, Սումգայիթում, Ադրբեջանի ողջ տարածքում: Այդ ժամանակ իսկապես 100 հազարավոր հայեր ուղղակի փախան Ադրբեջանից: Եվ այստեղ պարզ հարց է ծագում՝ իսկ այս մարդիկ իրավունք ունե՞ն վերադառնալու իրենց տուն:

--00—ԼՄ