Արցախը միշտ է Հայաստանի մաս եղել. Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

արմեն

Հանրապետության նախագահը հարցազրույց է տվել Քուվեյթի արաբալեզու «Ալ-Ջարիդա» օրաթերթին: 

Հարց- Ո՞վ է սկսել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և ի՞նչ քաղաքական ենթատեքստում է դա պատահել: Արդյոք մենք ականատե՞սն ենք լինում պրոքսի պատերազմի, թե՞ սա մեկ այլ մարտադաշտ է էներգակիրների համար մղվող պատերազմում:

-Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական տարածքի մասի է կազմել, և հայերն այստեղ են բնակվել հազարավոր տարիներ: Պատմականորեն Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը մշտապես Հայաստանի մաս է եղել: Դա մի գեղեցիկ լեռնային տարածք է, որտեղ հայերը, որպես բնիկներ, ապրել են հազարավոր տարիներ և այսօր էլ շարունակում են ապրել: Միայն խորհրդային իշխանության տարիներին էր, որ Լեռնային Ղարաբաղը, որպես ինքնավար մարզ, Ստալինի կողմից մոտ 70 տարով տրվեց Ադրբեջանին: Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի ունեցավ առաջին պատերազմը, որին հաջորդեցին բանակցությունները՝ շուրջ 30 տարի: Ադրբեջանական կողմն ասում է, որ իրենք լեգիտիմ իրավունք ունեն ազատագրել այդ տարածքները: Բայց ազատագրել ումի՞ց: Այնտեղ 100 տոկոսով բնակվում են էթնիկ հայեր, ովքեր մշտապես բնակվել են այդտեղ: Ինչո՞ւ նրանք պետք է լքեն իրենց տունը միայն այն պատճառով, որ ադրբեջանական կողմն ուզում է դա: Սա կոչվում է ագրեսիա, որին հաջորդում է էթնիկական զտում: Նրանց այդ տարածքները պետք են առանց հայերի: Ադրբեջանական կողմի համար այդ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելը և սեփական ագրեսիան արդարացնելն ինքնության կառուցման պատմության մի մասն է, մինչդեռ հայկական կողմի համար դա պայքար է կյանքի, մշակութային ժառանգության, պատմական հիշողության համար: Դա պայքար է իրենց տան, ծնողների և երեխաների համար, ովքեր բնակվում են այդտեղ և այժմ դարձել են ուղիղ թիրախ թուրքական ԱԹՍ-ների և ադրբեջանական հրթիռների համար:

Ադրբեջանն սանձազերձել է լայնամասշտաբ այս պատերազմը՝ ի հեճուկս 1994 թվականին հաստատված զինադադարի մասին հստակ համաձայնագրի: Սա իսկական պատերազմ է, որին Ադրբեջանն ու Թուրքիան երկար ու լուրջ պատրաստվել են: Ադրբեջանական կողմը ցանկանում է վերացնել ստատուս քվոն և պարտադրել իր կամքը: Իսկ Թուրքիան ռազմական ու քաղաքական առումներով աջակցում է Ադրբեջանի այս վտանգավոր նախաձեռնությանը՝ տարածաշրջանում հանգեցնելով մարդկային աղետի: Մենք՝ հայերս, երբեք ներգրավված չենք եղել էներգետիկ ենթակառուցվածքի համար պայքարի մեջ: Ընդհակառակը, եղել են նույնիսկ որոշ քննարկումներ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու մասով, ինչպես որ արվում էր Իրանի և Վրաստանի պարագայում:

Ինչ վերաբերում է պրոքսի պատերազմի մասին Ձեր հարցին, կարող եմ ասել, որ Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին տարածաշրջանում իր գերիշխանությունն ավելացնելու համար: Սակայն այդպիսով այն վտանգում է Հարավային Կովկասի փխրուն կայունությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

--00—ԼՄ