Հանրայինին արգելե՞լ են հոգևորականներին եթեր տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Պ

Վերջին օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ իշխանությունների կողմից սկսված արշավին միացել է նաև Հանրային Հեռուստաընկերությունը, որը, փաստացի, մերժում է հյուրընկալել հոգևորականներին՝ հարցազրույց անցկացնելու և Եկեղեցուն ուղղված մեղադրանքների վերաբերյալ պատասխաններ հնչեցնելու համար: Այսպես, 24News-ի տեղեկությունների համաձայն, Մայր Աթոռից կապվել են Հանրայինի մեկնաբան Պետրոս Ղազարյանի հետ՝ առաջարկելով հյուրընկալել բարձրաստիճան հոգևորականներից մեկին ու այսպիսով հնարավորություն ստեղծել պատասխանել իշխանական այն խոսնակներին, որոնք այդ թվում նաև Հանրայինի եթերից հարձակումներ են իրականացնում Եկեղեցու նկատմամբ:

Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, Պետրոս Ղազարյանը սկզբից խոստացել է հրավիրել, հետո սկսել է չպատասխանել զանգերին: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ հարկատուների հաշվին ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը դառնում է հակաեկեղեցական արշավի առաջամարտիկ: Պետք է հիշել նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցած աղաղակող դեպքը, երբ Հանրայինը հրահանգով հրաժարվեց եթեր հեռարձակել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձն այն ժամին, որն ընդունված է եղել տասնամյակներով՝ երկրի ղեկավարի շնորհավորանքից անմիջապես առաջ: Դրա փոխարեն Հանրայինի եթերի «զավսեգդատի» են Մայր Աթոռին ոչ միայն քննադատող, այլև տեղ-տեղ պատշաճ խոսքը կորցրած որոշ կերպարներ, որոնք փրփուրը բերանները՝ արդարացնում են Հայաստանի կործանարար ընթացքը, Արցախի կորուստը, Տավուշի սահմանին ծրագրվող միակողմանի զիջումները և այլն:

24News-ը փորձեց կապ հաստատել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ, բայց նա մեր զանգերն անպատասխան թողեց։ Մենք կապ հաստատեցինք հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի հետ, ով ասաց, որ հոգևորականները միշտ եղել են իրենց եթերում, ոչինչ չի փոխվել, նորից կարող են գնալ։ «Եկեղեցին երբ օբյեկտիվությունից ու հավասարությունից է խոսում, թող հիշի, որ նախընտրական արշավի ժամանակ մի ուժի կանչում, օրհնում ու հետները համագործակցում էր, չգիտեի՞ն, որ Եկեղեցին բոլոր ուժերի նկատմամբ պետք է հավասար լինի, երբ դա պահանջում են մեզանից, պետք է իրենցից սկսեն։ Պլանավորված էր, որ այդ օրը իրենք պետք է հյուր գային, բայց Իրանի հարվածները եղան, մենք անդրադարձանք այդ հանգամանքին։ Իրենք հարյուր անգամ եղել են մեր եթերում»,- մեկնաբանեց Ղազարյանը։

Դիտարկմանը, այսինքն՝ որոշում չկա՞, որ նրանք չգան Հանրայինի եթեր, Պետրոս Ղազարյանը պատասխանեց․ «Ոչ մեկ չի կարող որոշում կայացնել, ես ում հյուր կանչեմ, ում՝ չկանչեմ։ Ես կասեմ՝ ում եմ հրավիրում, թող գան, բայց օբյեկտիվությունից երբ խոսում են, թող սկզբից իրենց նայեն, նոր ուրիշներից պահանջեն։ Ասել եմ՝ կհրավիրեմ, ուրեմն՝ կհրավիրեմ, ոչ մի խնդիր»։

 

--00—ԱՊ