Հանրային հեռուստատեսությունը պետք է ունենա մաքսիմալ անաչառություն. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Այն հեռուստաընկերությունները, որոնք զբաղեցնում են հանրային մուլտիպլեքս, պարտավոր են անաչառ լինել և հավասարապես հարթակ տրամադրել բոլորին։ #bRightTalk ձևաչափով հարցազրույցի շրջանակում այդ մասին հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով լրատվամիջոցների գրանցված սեփականատերերին և ի պաշտոնե բանախոսներին՝ Մարուքյանը նշել է, որ նրանք պետք է հանրային դաշտում անաչառություն պահպանեն։

«Գիտեք, մեդիաները, որոնց տերերը, թղթերով տերերը և ի պաշտոնե բանախոսները հանրային տիրույթում սուր քննադատության են ենթարկում ընդդիմադիր գործիչներին, հետո նրանք ակնկալեն, որ մենք կգնանք իրենց մոտ եթերի. դա սխալ ակնկալիք է։ Այդ մարդիկ ցույց են տալիս, որ իրենք անաչառ չեն: Էն, որ իրենք անաչառ չեն, մենք գիտենք, բայց նրանք գոնե հանրային տիրույթում չպետք է խոսեն դրա մասին, դա շատ կարևոր պրոֆեսիոնալ հատկանիշների խնդիր է»,-նշել է Մարուքյանը, ապա հավելել, որ բոլոր նրանք, ովքեր որևէ մեդիայում որևէ դերակատարում ունեն, գոնե հանրային դաշտում իրենց քաղաքական սիմպատիաների մասին չպետք է խոսեն։

Մարուքյանն անդրադարձել է նաև հանրային մուլտիպլեքս զբաղեցնող հեռուստաընկերություններին և նշել, որ Հանրային հեռուստատեսությունը, որը սնվում է մեր քաղաքացիների վճարած հարկերից, պետք է ունենա մաքսիմալ անաչառություն, բայց միևնույն ժամանակ այս պահանջը պետք է ներկայացնել նաև մյուս բոլոր հեռուստաընկերություններին, որոնք զբաղեցնում են հանրային մուլտիպլեքս։

«Անաչառության պահանջը մենք պետք է ներկայացնենք ոչ միայն Հանրայինին, այլ նաև բոլոր հեռուստաընկերություններին, որոնք զբաղեցնում են հանրային մուլտիպլեքս»,-եզրափակել է Մարուքյանը։

--00—ԼՄ