ԱՆ-ն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսերի վերաբերյալ հաճախ հնչող հարցերի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ա

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է էլեկտրոնային դեղատոմսերի վերաբերյալ հաճախ հնչող հարցերի պատասխանները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առողջապահության նախարարության Թելեգրամի ալիքում հրապարակված հարցուպատասխանի շրջանակներում, անդրադարձ կատարելով էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերին, գերատեսչությունից նշել են, որ խոսքը հետևյալ դեղերի մասին է՝  անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, համակարգային ազդեցությամբ (ներքին ընդունման` դեղահաբ, օշարակ, դեղապատիճ և այլն, ինչպես նաև ներարկման դեղաձևեր) հակավարակային` հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր, ինչպես նաև հորմոնային և միզոպրոստոլ պարունակող դեղեր:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային դեղատոմսով նշանակված դեղի ձեռքբերմանը, ապա ըստ նախարարության, ցանկացած դեղատուն պետք է միացված լինի «Արմեդ» համակարգում և ունենա հնարավորություն վաճառելու բոլոր տեսակի դեղատոմսերով դուրս գրվող դեղերը: Քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած դեղատուն, ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ` անձնագիր, նույնականացման քարտ կամ հանրային ծառայության համարանիշ (սոցքարտ):

Դեղատան աշխատակիցը, մուտք գործելով համակարգ, տեսնում է բժշկի կողմից դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը, դեղի անվանումը, քանակը, և բաց է թողնում համակարգից: Քաղաքացին, ելնելով իր ֆինանսական միջոցներից, կարող է նաև բուժման ամբողջ կուրսի համար անհրաժեշտ քանակը ձեռք բերել մասնակի:
Անդրադառնալով  աշխատանքային ժամերին դեղատոմսի կարիքի դեպքում դրա ձեռքբերման հարցին, ԱՆ-ից հայտնել են, որ տվյալ որոշումը չի սահմանափակում այն դեղերի ձեռքբերումը, որոնք անհետաձգելի կամ սիմպտոմոտիկ բուժման համար են: Այսինքն` էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը բացառապես ախտորոշումից, անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվող դեղերն են:
Օրինակ` բրոնխիտի կամ տոնզիլիտի դեպքում հակաբիոտիկները նշանակվում են միայն հետազոտությունից հետո, երբ բժիշկը համոզվում է, որ տվյալ ախտորոշումը բակտերիալ է, այլ ոչ վիրուսային, և նշանակում է հակաբիոտիկ:

Դեղատներում հոսանքի կամ համացանցի խափանման դեպքում դեղերի բացթողումը կիրականացվի ժամանակավորապես թղթային տարբերակով: Տեխնիկական խնդիրը կարգավորելուց հետո այն մուտքագրվում է համակարգ` վերջինիս հասանելիությունը վերականգնվելուց հետո նույն օրվա ընթացքում։ Բացի այդ, դեղատանը դեղերի պահպանման, հատուկ ջերմային ռեժիմի ապահովման համար, ինչպես նաև հարկային կտրոնների տրամադրման համար նույնպես անհրաժեշտ է հոսանքի այլընտրանքային աղբյուրների առկայություն, ուստի դեղատունն իր գործունեությունն իրականացնելու համար պետք է ապահովված լինի էլեկտրաէներգիայով:

Նախարարությունը հրապարակել է նաև դեղատոմսով դուրս գրվող դեղերի անվանացանկը, որին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով։

 --00—ԼՀ