Մտահոգիչ թվեր. պահանջարկ ունեցող դեղերը թանկացել են. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

դեղեր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի դեղատներում մեծ պահանջարկ ունեցող եւ մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի գների բարձրացում է արձանագրվել: Յուրաքանչյուր դեղահատիկի մեջ թանկացումը կազմել է 15-20 դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գրեթե բոլոր դեղատներում անհրաժեշտ դեղամիջոցներն (անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղամիջոցերը) արդեն մի քանի օր է՝ թանկ գնով են վաճառվում: Օրինակ՝ թանկացել է «Կարդիո մագնիլ»-ի մեկ տուփը. այն 2100 դրամից դարձել է 2300 դրամ: Իսկ, ահա, «Տրիպլիկսամ»-ի մեկ հատիկը 235 դրամից թանկացել է՝ դառնալով 250 դրամ, «Կոնկորի» 5մգ մեկ դեղահատիկի գինը բարձրացել է 2 դրամով՝ 58-ից դառնալով 60 դրամ, «Պրեստանս»-ի (5/5) մեկ հատիկը 150-ից դարձել է 165, նույն դեղամիջոցի, բայց 10/10-ը, 200-ից դարձել է 207 դրամ:

Որոշ դեղատների աշխատողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ հիմնական դեղորայքը ներկրվում է:

Համաձայնեք, որ նշված դեղամիջոցների գնաճը մտահոգվելու առիթ է, եւ այս առումով իշխանությունները, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարությունը եւս չպետք է ձեռքները ծալած նստի: Բացի այս, քանի որ դեղերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններով զբաղվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ուստի հուսանք, որ դեղերի թանկացումը իրենց աչքից չի վրիպի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ