ԲԴԽ-ն դատավորներին կզոհաբերի իշխանության համար, եթե չցուցաբերվի այդ իշխանությանն անհրաժեշտ վարքագիծ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

թաթ.j

Արման Թաթոյանը գրում է.«ԲԴԽ-ի այսօրվա տեսանյութն ակնհայտ անօրինական միջամտություն է կոնկրետ գործերով դատական վարույթներին ու դատավորների լիազորություններին:

Ակնհայտ է, որ այդ քայլը համաձայնեցված է քաղաքական բարձրագույն մակարդակում կամ քաղաքական հանձնարարության արդյունք է և պատրաստվել է ԲԴԽ-ի անմիջական վերահսկողությամբ:

Տեղի է ունեցել Սահմանադրության և Հայաստանի միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում. շրջանցելով օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգերը` դատական վարույթում գտնվող կոնկրետ գործերով ինչ-որ անհասկանալի «հետազոտությունների» հիման վրա մի խումբ դատավորներ հռչակվել են մեղավոր, իսկ մեկ այլ խումբ` արդարացված:

Հետն էլ ԲԴԽ-ի` տեսանյութի իրական հեղինակներն իրենց «ապահովագրել» են ու հայտարարել, թե հեղինակը Դատական դեպարտամենտն է, և սա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ իրական հեղինակը Բարձրագույն դատական խորհուրդն է: Այսինքն` մարմին, որը Սահմանադրությամբ լիազորված է կարգապահական տույժի ենթարկելու դատավորներին:

Քաղաքական իշխանությանը հաճոյանալու համար ԲԴԽ-ն վերցրել է միայն քաղաքական իշխանությանն ընդդիմադիր գործիչների գործեր, իսկ գովեստի է արժանացրել իշխանության պաշտպանության տակ գտնվող դատավորներին:

Պարզ է, որ սա նաև բացահայտ «մեսիջ է»՝ այլ գործերով ապագա դատական ակտերի հետ կապված.

դատարանների անկախությունը երաշխավորելու սահմանադրական առաքելության փոխարեն, ԲԴԽ-ն դատավորներին կզոհաբերի քաղաքական իշխանության համար, եթե չցուցաբերվի այդ իշխանությանն անհրաժեշտ վարքագիծ:

Եթե անգամ տեսանյութը պատրաստեր Դատական դեպարտամենտը, ապա հաշվի առնելով, որ այդ մարմնի որևէ աշխատակից չունի տեսանյութի գնահատականները տալու իրավունք, այն պատրաստած աշխատակիցները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Այնպես որ Դատական դեպարտամենտի աշխատակիցները, [հրապարակային] արդարացումների փոխարեն, թե իբր տեսանյութն իրենք են պատրաստել, պետք է նկատի ունենան, որ ԲԴԽ-ն իրենց օգտագործել է, և նրանք թույլ են տվել օրենքի կոպիտ խախտում»։

 --00—ԼՀ