ՌԴ-ն պահանջել է՝ արտահանվող կաթնամթերքի հումքը լինի բացառապես հայկական

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

սատ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավարի Սերգեյ Դանկվերտի վերջին հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։

Հանդիպման արդյունքում ձեռք բերված՝ համատեղ վերահսկողական միջոցառումներ անցկացնելու մասին պայմանավորվածությունը ՍԱՏՄ ղեկավարը ներկայացրել է տեսչական մարմին հրավիրված Հայաստանի կաթնամթերք արտադրող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին:

Արմեն Հայրապետյանը տնտեսավարողներին հիշեցրել է ռուսական կողմի պահանջը՝ ՌԴ արտահանվող կաթնամթերքի հումքը պետք է լինի բացառապես հայկական, ու նաև հորդորել հստակ գնահատել իրենց արտադրություններում առկա ռիսկերը, վերացնել դրանք, արտադրական ողջ գործընթացը համապատասխանեցնել ԵԱՏՄ օրենսդրությամբ և տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, ներդնել Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը (HACCP): Նա վստահեցրել է, որ Տեսչական մարմնի մասնագետները պատրաստ են տրամադրելու համապատասխան մասնագիտական աջակցություն՝ առկա խնդիրները արագ լուծելու համար:

«Միայն արտադրությունների վստահորեն պատրաստ լինելուց հետո ՌԴ համապատասխան գերատեսչության հետ կհստակեցվեն վերահսկողություն իրականացնելու ժամկետները»,- նշել է ՍԱՏՄ ղեկավարը:

Կաթնամթերք արտադրողներն արձանագրել են, որ այսպիսի հանդիպումներն արդյունավետ ձևաչափ են առաջացած խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց շուրջ պարզաբանումներ ստանալու համար:

--00--ԼՀ