Բաքվի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ցմահ ազատազրկում է սպառնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

12072392ecf89dd1b94195b933d8d613d596fc

Բաքվում մեկնարկել է գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի գործով շինծու դատական նիստը։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ գործը քննվում է Սաբունչի շրջանային դատարանի վարչական շենքում՝ դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ։

Դատական քննությունը հայտարարվել է բացված, մեղադրող դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը։

Առաջադրված մեղադրանքում Ոսկանյանն իրեն մեղավոր չի ճանաչել։

Դատավորը հայտարարել է, որ հոդվածներից մեկով ամբաստանյալը կարող է պատժվել ցմահ ազատազրկմամբ, իսկ մյուսով՝ 20 տարվա ազատազրկմամբ։

Դատական նիստը շարունակվում է մեղադրյալների և տուժողների ցուցմունքներով։

Նշենք, որ ադրբեջանական կողմը Ոսկանյանին մեղադրում է իբրև «Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն և հետախուզական խմբի կողմից՝ ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու հետ կապված»։ Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։

Գերեվարված պահեստազորայինի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

--00—ՅՄ