Հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝ 1000 անշարժ և 200 շարժական գույք, հայցագինը՝ 500 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,24News

գդ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձևավորումից մինչ օրս (2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը) նախաձեռնել է 419 ուսումնասիրություն, 115 վարույթներով դատարան է ներկայացրել հայցի նախնական ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

 Վարչությունը, իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, դատարան է ներկայացրել 89 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձանցում մասնակցություն:

 Գնահատված գույքերի շուկայական արժեքների հաշվառմամբ, հայցերի ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը (բազմաթիվ գույքերի՝ այդ թվում իրավաբանական անձանցում մասնակցությունների շուկայական արժեքն այս փուլում դեռևս գնահատված չէ. թիվն ունի աճի միտում):

 89 հայցադիմումներից 67-ը ներկայացվել է 2023 թվականի ընթացքում:

 Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մինչ օրս կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 միլիոն դրամ:

--00--ԼՀ