Հնդկական զենքի ծավալները կմեծացվի, Շվեդիայից էլ ենք ակնկալում ռազմական համագործակցություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները բացառված չեն՝ հաշվի առնելով նրանց ծավալապաշտական ցանկությունները։ Մտահոգությունները հնարավոր էսկալացիայի վերաբերյալ պայմանավորված են Ադրբեջանի իշխանությունների արված հայտարարություններով, բայց 24-ժամյա ռեժիմով աշխատանք է տարվում, որ մեր պաշտպանունակությունը և անվտանգային համակարգը բարելավենք։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Անդրադառնալով Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք գնելու պայմանավորվածություններին՝ պատգամավորը նշեց, որ նշված երկրներից պայմանավորվածություն ձեռք բերվել զենք գնելու վերաբերյալ, նաև Շվեդիայի պառլամենտն է հաստատել համագործակցության հնարավորությունը ռազմատեխնիկայի մատակարարման վերաբերյալ։ Պատգամավորի խոսքով, Հնդկաստանից ձեռք բերվող զենքի, զինամթերքի ծավալները մեծացվելու են, այն հիմնականում պաշտպանական է։ Գաբրիելյանը նշեց, որ պետք է իրականացվի նաև համապատասխան կադրերի պատրաստություն, որպեսզի տիրապետեն զենքի կիրառմանը։

Անդրադառնալով Արցախի հայաթափմանը՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանի իշխանության ցանկությունը չի եղել, որ մեկ օրում Արցախի Հանրապետությունը մեկ անձի ստորագրությամբ լուծարվի, ԼՂ ժողովուրդը փաստացի տեղյակ չի եղել այդ գործընթացի մասին։ «ԼՂ-ում տեղի է ունեցել հեղաշրջում, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու ԱԺ պատգամավորները որոշել են նախագահ փոխել, արդյունքում եղավ շատ ավելի վատ տարբերակ, որին ՀՀ իշխանությունը կողմ չի եղել և չէր կարող լինել։ ԼՂ ժողովրդի խոսքը անտեսվել է, 22 պատգամավոր որոշել են նախագահ ընտրել՝ առանց հարցնելու ժողովրդի կամքը»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ