Ռուսաստանը տարածաշրջանում հավասարակշռությունը չի խախտում. Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

Զոհրաբ Մնացականյան

Ռուսաստանն ակտիվ ռազմատեխնիկական համագործակցություն է վարում թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ, արդյո՞ք այստեղ ինչ-որ երկիմաստություն չի տեսնում՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը: Interfax-ի այս հարցին պատասխանելով՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են:

«Մեր հարաբերությունները բավական լայն ընդգրկում ունեն: Այս հարցազրույցը սահմանափակ շրջանակներ ունի՝ հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցերի ամբողջ ծավալը ներկայացնելու համար: Այդ գործակցությունը վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, այդ թվում՝ անվտանգային հարցերում համագործակցությանը: Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակցային է, այնպես որ այստեղ ինչ-որ հարցեր կամ սահմանափակումներ չեն կարող լինել»,- ասել է նա: 

Լրագրողը հետաքրքրվել է՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունը սկսել է աճել հուլիսյան սրացումից հետո:

«Ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցությունը հիմնված է անվտանգության փոխադարձ հետաքրքրության վրա և իրականացվում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, համաձայնությունների և աշխատանքային ծրագրերի հիման վրա: Ռուսաստանը տարածաշրջանում հավասարակշռությունը չի խախտում: Հայաստանը տարածաշրջանային անվտանգության պատասխանատու մասնակից է: Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը որևէ կերպ չի ուղղորդվում երրորդ երկրների դեմ»,- ասել է Մնացականյանը:

Հարցին՝ իրեն չի՞ մտահոգում, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում է նաև Ադրբեջանի հետ, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է.

«Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն ունի իր տրամաբանությունը. այն ամուր դաշնակցային հիմքեր ունի: Ինչ վերաբերում է Ադրբեջանին և այս ոլորտում համագործակցությանը, նշեմ, որ Ադրբեջանն ամեն կերպ ավելացնում է իր ռազմական ներուժը՝ ձգտելով սեփական բնակչությանը և միջազգային հանրությանը համոզել, թե կարող է ԼՂ հարցը լուծել ռազմական ճանապարհով: Ու դա ներկայացվում էր այնպես, իբր Ադրբեջանը Հայաստանին ու Արցախին «լավություն է անում»՝ ռազմական գործողություններ չսկսելով՝ ի պատասխան բանակցային գործընթացում հայկական կողմերից միակողմանի զիջումներ ակնկալելով: Սեփական ռազմական ներուժի ավելացման ադրբեջանական տրամաբանությունն ուղղված է հակամարտության ռազմական լուծմանը, ինչը սպառնալիք է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը»:

Իսկ արդյո՞ք այս մասին խոսում է Ռուսաստանի հետ: Այս հարցին Մնացականյանը պատասխանել է.

«Իհարկե, մենք ռուսական կողմի հետ բաց և անկեղծորեն քննարկում ենք բոլոր հարցերը. մենք դաշնակցային հարաբերություններ ունենք»:

--00--ԱԹ