Արտաշատում հետիոտնային անցումի վրա դիտողությունն ավարտվել է սպանության փորձով․նյութերը դատարանում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

8484772_0_59_1600_1065_1920x0_80_0_0_620408b1560ccc55098371b5ecbc5760

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևան քաղաքի բնակչի կողմից Արտաշատ քաղաքի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

2022թ. մարտի 28-ին՝ ժամը 20:50-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ:

Ահազանգով անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը ձեռնարկել է քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ և կրակված գնդակ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 31-ամյա տղամարդը դեպքից օրեր առաջ Արտաշատ քաղաքում հետիոտնային անցումով անցնելիս արժանանալով այդ պահին ավտոմեքենայով երթևեկող, տուժողի կողմից իրեն արված դիտողությանը և ձայնային ազդանշանին, վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում Արտաշատի բնակիչը հայհոյել է 31-ամյա տղամարդուն և թքել նրա ուղղությամբ:

Կատարվածից վրդովված և չհանդուրժելով իրեն հասցրած վիրավորանքը՝ վերջինս մտադրվել է սպանության եղանակով վրեժխնդիր լինել:

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու վճռականությամբ՝ 31-ամյա տղամարդը, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող 9մմ տրամաչափի լիցքավորված ակոսափող ատրճանակով զինված, տարբեր օրերի մեկնել է Արտաշատ քաղաք, հայտնաբերել է տուժողին՝ պլանավորելով և որոշելով սպանությունն անվրեպ իրականացնելու նպաստավոր ժամանակն ու վայրը:

Մի քանի օր հետևելով տուժողին՝ ի վերջո 2022թ. մարտի 28-ին 31-ամյա տղամարդը հերթական անգամ մեկնել է Արտաշատի բնակչի բնակության վայրի մոտ, դարանակալել ու սպասել է նրա ժամանելուն: Ժամը 20:40-ի սահմաններում տեսնելով, որ Արտաշատի բնակիչը քայլելով մոտենում է, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, թիկունքից անսպասելի մոտեցել է նրան և լիցքավորված ատրճանակը պահել է նրա գլխին: Տղամարդը, հասկանալով, որ ցանկանում է կրակել իր վրա, պաշտպանվելու նպատակով ձեռքով հարվածել է 31-ամյա տղամարդու ձեռքին՝ փորձելով գետնին գցել ատրճանակը, սակայն չի կարողացել, որից հետո քաշքշուկ է սկսվել  նրանց միջև: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը կրակել է տուժողի դեմքի՝ բերանի հատվածին, ապա՝ ձախ ձեռքին, այնուհետև, մի քանի մետր հեռանալով, շարունակել է կրակոցներ արձակել՝ ցանկանալով խոցել վերջինիս կյանքի համար կենսական կարևոր նշանակություն ունեցող հատվածները։ Արդյունքում՝ կրակոցներից մեկը դիպել է տուժողի որովայնին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ:

Դեպքի հաջորդ օրը 31-ամյա տղամարդը լքել է ՀՀ տարածքը:

Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը քրեական վարույթով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու կրելու համար։

Հաշվի առնելով, որ մեղադրյալը թաքնվում է քննությունից՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Դեպքից շատ չանցած՝ վերջինս ձերբակալվել է Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, 2022թ․ դեկտեմբերի 30-ին տեղափոխվել է ՀՀ և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։ Նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մաս և 335-րդ հոդվածի 1-ին)։ Դատարանը հաստատել է նրան կալանքի տակ պահելու ներկայացված  միջնորդությունը, որը հետագայում, դատարանի որոշմամբ, փոխարինվել է տնային կալանքով և գրավով՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դրա ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ