Տանտերը դանակահարել էր հյուրին, զանգել ոստիկանություն, ասել, թե նա 20 րոպե չի արձագանքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20.45-ին, ոստիկանություն է զանգահարել Արտաշատի Մարքսի փողոցի բնակիչ, 55-ամյա մի տղամարդ: Նա հայտնել է, թե տանը հյուր ունի, որն արդեն 20 րոպե ոչ մի ազդակի չի արձագանքում, ենթադրում է, որ մահացել է:

Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնում է նշված հասցե: Ոստիկանները տեղ են հասնում բժիշկների հետ միասին. տղամարդն ահազանգել էր նաև շտապօգնություն: Ոստիկանները ճշտում են հյուրի ինքնությունը, բժիշկներն էլ հավաստում են՝ 54-ամյա տղամարդը, որն ապրում էր Արտաշատում, մահացել է: Իսկ սրտի շրջանում կտրած-ծակած վերքը կասկածի տեղ չէր թողնում, որ կատարվել է սպանություն:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողներն ուսումնասիրեցին տունը: Սեղանին դրված էին բժշկական սպիրտի շիշ և ուտելիքի մնացորդներ: Բժշկական սպիրտ կար նաև սառնարանում:

Իրավապահների հարցերին խուսափողական պատասխաններ տվող տանտերը կասկածանքով բերման ենթարկվեց բաժին, ապա ներկայացվեց Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցվեց քրեական գործ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերվեցին ապացույցներ, որոնց առկայութամբ էլ տանտերը խոստովանեց, որ ինքն է դանակահարել հյուրին ու ձերբակալվեց:

Հանցագործության գործիքն առգրավված է: Հանգամանքները պարզվում են

--00—ԼՄ