Նրանց գերեվարմամբ ուրախացողներն ուրիշ երկրներից ֆինանսավորվողներն են․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

image_750x_651f95424ebaf

Գերեվարվել եւ Բաքվի բանտերն են տարվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Դրան զուգահեռ, Հայաստանի բանտերում էլ հայ գեներալներ ու զինվորականներ կան, որոնք ոչինչ չեն խնայել՝ իրենց հայրենիքը պաշտպանելու համար: 

Գրիգորի Խաչատուրովին ու Միքայել Արզումանյանին էլ պահում են հայկական բանտերում, եւ տպավորություն է, թե Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը սինխրոն են աշխատում: 

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Մովսես Հակոբյանին «Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել։

- Դուք հատուկ միտում տեսնո՞ւմ եք, որ գեներալների մի մասին Ադրբեջանի բանտերում են պահում, իսկ մի մասին էլ՝ Հայաստանի, թե՞ պարզապես սա պատահական զուգադիպություն է։

- Իմ կարծիքով՝ պատահականություն է, բայց երկու դեպքում էլ ուղղված է հայոց բանակի դեմ։

- Լեւոն Մնացականյանը Պաշտպանության բանակի հրամանատարն էր եւ Ձեզ փոխարինեց այդ պաշտոնում։ Մնացականյանը՝ որպես գեներալ, ի՞նչ նշանակություն է ունեցել Հայաստանի եւ Արցախի համար, ի՞նչ նշանակություն ունի հիմա Ադրբեջանի համար։

- Իր ձերբակալումը պատահական չէ, որովհետեւ ինքը հայոց պետության եւ հայոց բանակի նվիրյալն է եղել։ Դրա համար էլ իրեն ձերբակալել են։

- Մնացականյանն ունի՞ այնպիսի տեղեկություններ, որոնք Ադրբեջանը կարող է բռնությամբ ստանալ եւ օգտագործել Հայաստանի դեմ։

- Այն, ինչ պիտի իմանային, բոլորն արդեն վաղուց գիտեն, տարբեր ճանապարհներով ստացել են արդեն։

- Հայաստանը՝ հակառուսական տրամադրությունների ֆոնին, ցանկանում է լքել ՀԱՊԿ կառույցը, Ձեր գնահատմամբ՝ դա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգության վրա, ՀԱՊԿ-ն դեր ունի՞ Հայաստանի բանակի կայացման հարցում։

- ՀԱՊԿ-ն որեւէ նշանակություն չունի հայոց բանակի կազմավորման վրա։ Հայոց բանակի կազմավորման գործում դերակատարություն ունեն հայ ժողովուրդը եւ իր դաշնակից երկրները։

- Իսկ Ռուսաստա՞նը, օրինակ՝ Հայաստանից սպաներ էին ՌԴ-ում վերապատրաստվում։

- Ռուսաստանը ՀԱՊԿ-ն չէ, ՀԱՊԿ-ի մի երկիր է։ Ռուսաստանի դերը բավականին մեծ է։

- Մեզ համար վատ հետեւանքներ կունենա՞ այս հակառուսական քաղաքականությունը։

- Կարծում եմ՝ այո, որովհետեւ, կարծում եմ, ռուսը գուցե լավ դաշնակից չէ, բայց վատ թշնամի է։

- Այդ սպառնալիքը կա՞, որ մենք Ռուսաստանի հետ կարող ենք թշնամական հարաբերություններ ունենալ։

- Քաղաքական իշխանությունը տանում է դրան։

- Ադրբեջանի կողմից գերեվարվել են նաեւ Արցախի նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը․ ի՞նչ կարող եք ասել։

- Ի՞նչ ասեմ։

- Հայաստանում կան մարդիկ, որոնք ուրախանում են Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի ձերբակալմամբ։

- Ուրեմն այդ ուրախացող մարդիկ վաղուց` մեր երկրի քաղաքացի կոչված, ուրիշ երկրներից ֆինանսավորվողներն են, ի՞նչ կարող եմ այդ մարդկանց մասին ասել։ Այդ մարդիկ մեր երկրի ղեկավարներն են եղել, ո՞նց կարելի է նրանց մասին նման հիմարություններ դուրս տալ։ Վատ-լավ, բայց մեր երկրի քաղաքացիների մեծամասնությունն իրենց ընտրել է, ուրեմն դու այդպես ես վերաբերվում մեր երկրի մեծամասնությանը։

--00—ՅՄ