ՀՀ և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

սս

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալներ, եկամուտների ծառայության պետը, Վրաստանի ազգային բանկի նախագահի տեղակալը և այլ պաշտոնատար անձինք:

Նախարարության հաղորդմամբ՝ այցի ընթացքում տեղի է ունեցել համատեղ աշխատաժողով, որին հայկական կողմից մասնակցել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և նշյալ կառույցների այլ ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում երկու երկրների մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել շնորհանդեսներով, քննարկումներ են ծավալվել մակրոտնտեսական քաղաքականությանը, ընթացիկ տարածաշրջանային մարտահրավերներին, հարկային և մաքսային քաղաքականությանն ու վարչարարությանն առնչվող հարցերի շուրջ:

Աշխատաժողովի ավարտին ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Հուշագրով նախատեսվում է համագործակցության ակտիվացում և փորձի փոխանակում բյուջետավորման, մակրոտնտեսական, հարկաբյուջետային, պարտքային, ինչպես նաև հարկային քաղաքականությունների և կողմերի միջև փոխհամաձայնեցված այլ ոլորտներում:

--00—ՍՊ